Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Նարեկ գյուղի դպրոցի 52-ամյա տնօրենը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վերջինս հունվարի 13-ին «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվի էսենցիայով» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Նա տեղափոխվել էր իրենց գյուղից՝ իր որդու գերեզմանի մոտից, որտեղ ինքնասպանության փորձ էր կատարել:
Պարզվել է, որ մինչ այդ Արարատի մարզի դատախազությունից ոստիկանության Արտաշատի բաժին գրություն է ուղարկվել, որը դատախազությունը ստացել էր Արարատի մարզպետից, որտեղ հայտնվում է,որ աշխատանքային խմբի կողմից կատարած ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի Ա. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Դ.-ն 2020 -2021 թթ ընթացքում ՊՈԱԿ-ի աշխատակցուհի Գայանե Ա.-ին փոխանցել է մոտ 13 մլն ՀՀ դրամ գումար:
Իր հայտարարությամբ Անուշ Դ.-ն հայտնել է, որ նշված գումարն ինքն է փոխանցել Գայանե Ա.-ին՝ առանց ՊՈԱԿ-ի որևէ աշխատակցի, այդ թվում՝ հաշվապահի իմացության, հետագայում այդ գումարները տնօրինել է ինքը՝ իր ֆինանսական խնդիրների պատճառով: Նա պատրաստակամություն էր հայտնել, որ պատճառված վնասը իր կողմից կվերականգնի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սակայն հունվարի 13-ին Անուշ Դ.-ն այցելում է որդու շիրիմին, ապա կատարում ինքնասպանության փորձ, իսկ հունվարի 15-ին հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահանում է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում հունվարի 13-ին Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով:
Այդ օրը՝ ժամը 11:40–ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվի էսենցիայով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց էր մեկնել օպերատիվ խումբը, ովքեր պարզել էին, որ տեղափոխվածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա կին է:
Պարզվել էր, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, նա իրենց գյուղում՝ իր որդու գերեզմանին, ինքնասպանություն գործելու նպատակով խմել է քացախաթթվի էսենցիա:
Բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: