Վերաքննիչ դատարանը ազատ արձակեց «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով վերջին կալանավորվածին
Ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» անվամբ հայտնի կեղծ էջի գործով կալանավորված Արամ Սարգսյանն ազատ է արձակվել։ ՀՀ Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի՝ 2021թ․ փետրվարի 21-ի որոշումը՝ Արամ Սարգսյանի ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ և վերացնելով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։ Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը «Ա1+»-ին հայտնեց, որ որոշման օրինակը դեռևս չի ստացել՝ ներկայացնելու, թե դատարանը որ հիմքով է որոշումը կայացրել․ «Սակայն ես, երբ բողոքարկել էի առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչ դատարան, առաջին հերթին վիճարկել էի հիմնավոր կասկածի բացակայությունը, նոր արդեն կալանավորման հիմքերին էի անդրադարձել։ Եվ ես գրեթե վստահ եմ, որ դատարանը պիտի հենց հիմնավոր կասկածի մասով որոշում կայացրած լինի», - ասաց Բենիկ Գալստյանը։ Նրա խոսքով՝ եթե որոշման մեջ նշված չլինի հիմնավոր կասկածը և անդրադարձ լինի միայն հիմքերին, ապա միանշանակ կբողոքարկի վճռաբեկության կարգով։ Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» անվամբ հայտնի կեղծ էջի գործով Արամ Սարգսյանից բացի մեղադրյալ է ներգրավել նաև Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին։ Նրանք բոլորն են ազատության մեջ են՝ դատարանի որոշումներով։ «Ա1+»