Այս պահին դատարանում քննվում է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։
Դատավորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն՝ ակնհայտ ապօրինի կալանավորելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Նշենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալներից Նվեր Մկրտչյանը դեռևս նախաքննության ընթացքում տվել է խոստովանական և մյուս ամբաստանյալներին մերկացնող ցուցմունք և հայտնել, որ իրեն փորձել են համոզել փոխել տված ցուցմունքները։
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալ Նվեր Մկրտչյանին: Վերջինս Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձն է:
Սույն գործը վերաբերում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը խարդախությամբ հափշտակելուն և Մանվել Փարամազյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու ենթադրյալ դեպքին և այլ արարքների:
Այս գործով յոթ անձ է անցնում, նրանցից միայն մեկի՝ Նվեր Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ մյուս ամբաստանյալների նկատմամբ առավել խիստ խափանման միջոցներ են ընտրված եղել՝ կալանավորում կամ գրավ:
Ըստ դատախազության ներկայացրած պարզաբանման՝ նշված գործը վարույթ ընդունելուց և դատական քննության նշանակելուց հետո, բացելով առաջին դատական նիստը, դատավոր Բախշիյանը պարզել է, որ դատական նիստին չեն ներկայացել 7 ամբաստանյալներից երկուսը, այդ թվում՝ Ն. Մ.-ն և վերջիններիս պաշտպանները։
«Ն. Մ.-ի պաշտպանը գրությամբ դատարանին հայտնել է, որ չի ներկայացել այլ գործով անհետաձգելի գործողության մասնակցելու պատճառով և այդ մասին նախապես հայտնել է Ն. Մ.-ին, ով չի ցանկացել առանց իր պաշտպանի ներկա գտնվել դատական նիստին։
Նման պայմաններում, երբ ամբաստանյալների և պաշտպանների բացակայությամբ դատական նիստ շարունակելը եղել է անթույլատրելի, և ամբաստանյալ Ն. Մ.-ի բացակայությունը փաստացի պայմանավորված է եղել դատական վարույթին բացառապես իր պաշտպանի հետ մասնակցելու ցանկությամբ, դատավոր Բորիս Բախշիյանը դատական նիստը շարունակել է հենց բացառապես Ն. Մ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու հարցը քննարկելու համար: Լսելով կողմերի դիրքորոշումներն այն մասին, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան, և Ն. Մ.-ի խափանման միջոցի հարցը նրա և նրա պաշտպանի այդպիսի պատճառաբանությամբ բացակայության պայմաններում քննարկելը խախտում է կողմերի մրցակցությունը, զենքերի հավասարությունը, Ն. Մ.-ի՝ լսված լինելու և դիրքորոշում ներկայացնելու իրավունքը, դատավորը որոշում է կայացրել Ն. Մ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և նրան կալանավորելու մասին։
Քրեական գործով պարզվել է նաև, որ դատավոր Բորիս Բախշիյանի կողմից ակնհայտ ապօրինի կալանավորվելուց և քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո Ն. Մ.-ին կազմակերպված խմբի կողմից հարկադրվել է հրաժարվել ցուցմունք տալուց, որից հետո Ն. Մ.-ն հաջորդ դատական նիստին, առանց հանգամանքների որևէ փոփոխության, դատավոր Բորիս Բախշիյանի կողմից ազատ է արձակվել և նույն նիստում հրաժարվել ցուցմունք տալուց ու հարցերին պատասխանելուց՝ բացառապես հայտարարելով, որ իր նկատմամբ անօրինական ազդեցություն չի գործադրվել։
Ընդ որում՝ Ն. Մ.-ն հարցաքննվել է դատավորի կողմից նախապես սահմանված՝ ապացույցների հետազոտման հաջորդականությունը միայն Ն. Մ.-ին հարցաքննելու համար փոփոխելուց հետո՝ այն ամբաստանյալի խափանման միջոցի փոփոխման միջնորդության քննարկման համար, ում դեմ ցուցմունք էր տվել Ն. Մ.-ն, և ում կողմից վերջինիս նկատմամբ անօրինական ազդեցության մասին տվյալներ գործում առկա էին»,- նշված է դատախազության պարզաբանման մեջ։
Նշենք, որ Բորիս Բախշիյանի պաշտպաններն իրենց պաշտպանյալի նկատմամբ հետապնդման մեջ քաղաքական դրդապատճառներ են տեսնում։
Մենք փորձեցինք զրուցել նաև Նվեր Մկրտչյանի պաշտպան Յուրա Ավայանի հետ, սակայն վերջինս ասաց, որ այս պահին չի ցանկանում դիրքորոշում հայտնել։