«Հայաստան» համահայկական հիմնադրամն անընդունելի է համարում հիմնադրամի մասին վնասակար ապատեղեկատվության տարածումը, սակայն չի պատրաստվում դատական պատասխանատվության կանչել այդ ապատեղեկատվության հեղինակներին։
Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով որոշ ԶԼՄ-ներով տարածվող լուրերին, թե իշխանությունը հիմնադրամից 8 մլն դոլար է կանխիկացրել ու յուրացրել, հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Աշոտ Բարսեղյանն ասաց․ «Անընդհատ ուզում են վարկաբեկել՝ սխալ տեղեկատվություն տարածելով՝ հաշվի չառնելով, որ համահայկական հիմնադրամը ապաքաղաքական կառույց է և ներկայացնում է համայն հայության շահերը։ Հոգաբարձուների խորհրդի կազմում ամբողջ սփյուռքից ներկայացող մարդիկ կան»:
Մեր հարցին, թե չեն պատրաստվում դատի տալ անձանց, որոնք նման տեղեկություններ են տարածում և այդպիսով վնասում «Հայաստան» համահայկական հիմնադրամի» հեղինակությանը, Բարսեղյանը պատասխանեց․ «Ասենք Անդրանիկը չէ՝ հազար տելեգրամյան ալիք կա, ամեն մեկը մի բան է ասում, հիմա ի՞նչ, հիմնադրամը, սփյուռքից ստացած բարեգործության համար նախատեսված գումարները պետք է ծախսի դատական պրոցեսների համա՞ր, դուք դա ճիշտ կգտնե՞ք, որ իմանաք դատի վրա ծախսել ենք այդ գումարներից»։
Հիմնադրամի ներկայացուցչի խոսքով՝ պատերազմից հետո՝ նոյեմբերի վերջին, 23 մլն դոլար միայն ԱՄՆ-ում իրականացված դրամահավաքն է կազմել։ Բացի դրանից՝ 14 տարբեր կազմակերպություններ շարունակում են դրամահավաքներ անել։ «Օգնություններ ենք անընդհատ ստանում, պատերազմի ժամանակ մենք ստացել ենք 80 տոննայից ավել հումանիտար օգնություն, պատերազմից հետո 90 տոննա, և շարունակվում է դեռ գալ»։
Ըստ Բարսեղյանի՝ խոսքն այն բեռների մասին է, որոնք իրենք չեն գնել։ «Օրինակ՝ պրոթեզների հետ կապված գնումները դրա մեջ չէ։ Դա համահայկական հիմնադրամի հանգանակած միջոցներով է գնված»,- ասաց նա։
Բարսեղյանի խոսքով՝ նրանք, ովքեր տասնյակ տարիներ հիմնադրամի հետ աշխատել են, գիտեն, որ «Համահայկական հիմնադրամը» կառավարությունը չէ, և իրենց տեղական մարմնի ղեկավարը ներգրավված է այդ ամեն ինչի մեջ՝ իրենք վստահության պակասի խնդիր չունեն։ «Իհարկե, վստահությունը վնասող գործողություններ են անում, բայց հազարավոր մարդիկ ամեն ամիս շարունակում են փոխանցումներ անել՝ ոչ միայն սփյուռքից, նաև Հայաստանից»,- հավելեց նա։
Հարցին, թե հաշվետվություն ե՞րբ կներկայացվի, որովհետև այս հարցի շուրջ շահարկումներ կան, Բարսեղյանը պատասխանեց․ «Մեր հաշվետվության ժամանակը մինչև հունիս ամիսն է։ Մենք հաշվետվությունը ամեն տարի ներկայացնում ենք, ըստ օրենքի պահանջի։ Հիմնադրամից կառավարությանը տրված գումարի մասով մենք կառավարության հաշվետությանն ենք սպասում. Երբ լինի հաշվետվություն՝ մենք դա կհրապարակենք, իհարկե, դա կանցնի միջազգային աուդիտ և նոր կհրապարակենք»։
Գեղամ Ադյան