Մեղադրանքում ամեն ինչ շատ պարզ է նշված. մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ. Գևորգ Բաղդասարյանը՝ Քոչարյանի՝ մեղադրանքը չհասկանալու մասին
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է 3 մլն դոլար կաշառքի մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Այսօրվա նիստում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց դիմել ՍԴ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, նրա խոսքով, բացի պատճառով, այն է՝ օրենսդրությունը չի տալիս հնարավորություն պարզաբանելու ամբաստանյալին մեղադրանքը, այն դեպքում, երբ մեղադրանքը շարադրված է ոչ պարզ ձևով, ինչպես նաև միջնորդում է կասեցնել գործի վարույթը, մինչև ՍԴ որոշում կայացնելը։
Հայտնելով իր դիրքորոշումը ներկայացված միջնորդության վերաբերյալ՝ դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ միջնորդությունը բացարձակ հիմնավորված չէ և ենթակա է մերժման։

«Իրականում մեղադրանքի մասին պատշաճ ծանուցվելու իրավունքը կոնվենցիայով երաշխավորված իրավունք է, սա ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրության մեջ։ Ո՛չ Սահմանադրությունը, ոչ էլ կոնվենցիան պատշաճ ծանուցվելու իրավունք չեն նախատեսում՝ որպես այդ հատվածում, վարույթի այդ փուլում դիրքորոշումների փոխանակման հնարավորություն։ Ավելին՝ դրանով չեն նախատեսում հնարավորություն՝ օգտագործելու մեղադրանքը պարզ չլինելու ձևակերպումը որպես հնարք և մեղադրանքի քննարկումը տեղափոխելու ավելի վաղ փուլ, քան այն կարող է տեղի ունենալ»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը։ 

 Դատախազը վերահաստատեց իրենց դիրքորոշումը և նշեց, որ ամբաստանյալին կամ մեղադրյալին մեղադրանքը շարունակաբար կարող է այդպես էլ պարզ չդառնալ, և ամբողջ քննարկումը տեղի ունենա դրա շուրջը։

Դատախազը նաև նշեց, որ օրենսդրական բաց ընդհանրապես գոյություն չունի, որովհետև օրենքով հստակ սահմանված են վարույթի երկու կարևոր փուլերում մեղադրանքի էությունը, մեղադրյալին, ամբաստանյալին պարզաբանելու հնարավորությունը։
 
«Մեղադրանքում ամեն ինչ շատ պարզ է նշված, ես ցավում եմ, որ պարզ չի, թե ով ինչի համար է մեղադրվում, և շատ համառոտ կասեմ։ Մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ, որի նկարագրությունը, որի կատարման եղանակը նախորդ դատական նիստում պարոն Պետրոսյանը մանրամասն նշեց, բավականին մանրամասն նկարագրվեց, թե ով ում հաշվին ինչի համար ինչքան գումար է փոխանցել, ու գումարը ում հաշվին է գնացել և ինչպես է տնօրինվել»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը։  

Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի մարտի 1-ին, ժամը 13.00-ին։