«Դոնեցկում եւս լարված իրավիճակ է, մարտական գործողություններ են ընթանում։ Ընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել։ Իրավիճակը հիշեցնում է 90-ականների Հայաստանը, երբ փողոցում տղամարդ են տեսնում, լցնում են ավտոբուսներն ու՝ գնացինք․․․»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության Յասինովատայա քաղաքում բնակվող մեր հայրենակից Արսե ն Ավագյանը։
Հիշյալ քաղաքը շփման գծից մոտ յոթ կիլոմետր հեռու է գտնվում։ Մեր զրուցակիցը հավելեց, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը բանավոր կարգադրել է դադարեցնել մոբիլիզացիան, սակայն դեռ համապատասխան հրամանը չի ստորագրել։
«Այն մոբռեսուրսը, որը հավաքվել է, շատ վատ պայմաններում է․ ոչ հագուստով է ապահովված, ոչ կերակուրով, ոչ էլ քաղաքացիական պաշտպանության դասընթացներ է անցնում՝ թեկուզ՝ ինչպես ավտոմատ բռնել, կամ՝ ինչ կարելի է անել կրիտիկական սիտուացիաներում։
Անհասկանալի է, թե մարդկանց ինչու են հավաքում»,-նշեց Ավագյանը։ Մեր հայրենակցի խոսքով՝ ուկրաինական ազգայնական բրիգադները թիրախավորում են քաղաքացիական օբյեկտները, կրակում են խաղաղ բնակչության ուղղությամբ։ «Երեկ կրակել են Դոնեցկի վրա, նախօրեին՝ Յասինավատայայի, այն դեպքում, երբ այդ հատվածներում ոչ մի մարտական թիրախ չկա։ Երբ համը շատ են հանում, ԴԺՀ-ի զորքը պատասխանում է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ խաղաղ բնակչության շրջանում մեկ տասնյակից ավելի զոհեր կան, մոտ 30 վիրավոր։ Զինված ուժերի շրջանում զոհերի ու վիրավորների թվի մասին հստակ տեղեկություն չկան»։
Նշենք, որ երկու օր առաջ Պավլոպոլ գյուղում, որը գտնվում է Մարիուպոլի հյուսիս-արևելքում, գնդակոծության տակ էր հայտնվել նաեւ ԴԺՀ-ի նախագահը։ Նա չէր տուժել եւ հասցրել էր պատսպարվել ապաստարանում։ Մեր զրուցակիցը նշեց, որ խանութներում եւ բենզալցակայաններում հերթեր չկան, բնակչության շրջանում խուճապ չկա։ «Խուճապի մատնվելու խնդիր չկա, մենք 2014-ից սկսած, արդեն 8 տարի է՝ սովորել ենք այս իրավիճակին։ Ես Դոնեցկի մարզի Ուկրաինայի տիրապետության տակ գտնվող հատվածում բնակվող ընկերուհի ունեմ, որն ասում է, թե իրենց մոտ քաոսային իրավիճակ է, բնակչությանը զենք են բաժանում՝ մեկ ավտոմատ եւ երկու մագազին փամփուշտ, առանց գրանցելու, թե ում են տալիս, ինչ են տալիս ու ինչի համար։ Թե այդ զենքը ում ձեռքը կընկնի եւ ում դեմ կօգտագործվի՝ ոչ ոք չգիտի։ Քավորս էլ բնակվում է Խարկովում, նրան նույնպես հաճախ եմ զանգահարում,նա էլ է նույն պնդում՝ քաոսային իրավիճակ է։ Իրենց շենքը քաղաքի կենտրոնում է, 18-րդ հարկում, պատմում էր, որ պատշգամբում է եղել եւ տեսել է, թե ինչպես են ռուս դեսանտները՝ մոտ 50 հոգի, պարաշյուտով իջնում։ Կարծում եմ, որ Խարկովում տեղի ունեցողը՝ խաղաղ բնակչության դեմ իրականացնող գործողությունները, ուկրաինացի ազգայնականների ձեռքի գործն է, իրենք միտումնավոր են անում, որպեսզի հետագայում Ռուսաստանին մեղադրեն։ Այդ նույն բանը ժամանակին կատարվում էր նաեւ այստեղ՝ Ուկրաինայի այս հատվածում։ Ծանոթ ձեռագիր է։ Եկեք տրամաբանենք՝ ՌԴ-ն ինչո՞ւ պետք է ասենք՝ «Գրադ-կայանք» օգտագործի խաղաղ բնակչության դեմ, այն ուղղություններով, որոնք մարտական թիրախներ չեն»։
Հարցին՝ որպես ազգությամբ հայ, որը երկար տարիներ ապրում է Ուկրաինայի տարածքում, ինչպե՞ս է գնահատում տեղի ունեցողը՝ մեր զրուցակիցը արձագանքեց․ «Եթե չեզոք աչքով գնահատեմ, ապա Պուտինն էլ պետք է հասկանալ, իր երկրի գլոբալ անվտանգությանը սպառնում են։ Ցանկացած գրագետ ղեկավար կվարվեր նույն կերպ՝ ելնելով իր երկրի հետագա գլոբալ անվտանգությունից։ Ես Պուտինին չեմ մեղադրում, ընդհակառակը՝ մեղադրում եմ Ուկրաինային, քանի որ իրենք իրենց սուվենետիտետը հանձնել են Եվրոպային ու Ամերիկային, իսկ Զելենսկին ու իշխանությանը մոտ գտնվող պաշտոնյաները դրսի կատարածուներն են։ Ուկրաինայի նախագահը որեւէ հայտարարություն անելուց առաջ խորհրդակցում է արեւմտյան ազդեցիկ երկրների հետ։ Ուկրաինան, որպես այդպիսին, չունի սուվերենիտետ»։ Արսեն Ավագյանի խոսքով՝ «պատերազմը կանգնեցնելու միակ գրավականն այն է, որ ՌԴ-ն գահընկեց անի Ուկրաինայի գործող իշխանությանն ու դնի իր մարդուն։ Ճիշտ է՝ ասում ենք՝ էդպես ոնց կլինի, Ուկրաինան, որին մեղադրում ենք դրսի երկրներից կախվածության մեջ, հիմա էլ կդանա Ռուսաստանի գաղութը, բայց ներկա պահին այլընտրանք չկա։ Այս պատերազմով ՌԴ-ն կանխարգելում է ավելի մեծ, ավելի գլոբալ պատերազմ»։
Նշենք, որ ըստ 2001 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած մարդահամարի՝ մասնավորապես Դոնեցկի շրջանում 15 700 հայ է ապրում, Խարկովի շրջանում՝ 11 100։ 2001 թվականից հետո Ուկրաինայում մարդահամար չի անցկացվել։ Այսօր Ուկրաինայում, ոչ պաշտոնական տվյալներով, ապրում է շուրջ կես միլիոն հայ, որոնցից 70-80 հազարը բնակվում են Կիևի մարզում։