Վարչական դատարանի որոշումը բացահայտ ապօրինի է․ պատասխանող կողմը պետք է պահանջի վերացնել հայցի ապահովումը․ փաստաբան
Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման հարցը Վարչական դատարանի որոշումից հետո կրկին մտավ քաղաքական օրակարգ՝ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տալով։   
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի կարծիքով՝ Վարչական դատարանի որոշումը բացահայտ ապօրինի է, քանի որ ըստ օրենքի՝ հայցի ապահովումը կիրառվում է այն դեպքում, երբ որ կա վտանգ կամ մտավախություն, որ ապագայում կայացվելիք վերջնական վճիռը չի կատարվի։ «Օրինակ, դուք ինձնից գումար եք պահանջում, և կա վտանգ, որ ես իմ ունեցածը կձևակերպեմ աներոջս անունով կամ կծախեմ, և Դուք կունենաք դատարանի վճիռը, որ ես Ձեզ պարտք եմ 50․000 դոլար, բայց գանձելու բան չի լինի», -պարզաբանեց փաստաբանը։
Ալեքսանդր Սիրունյանը վստահ է, որ  Օնիկ Գասպարյանի դեպքում, երբ Վարչական դատարանի վճիռը լիներ և այն մտներ օրինական ուժի մեջ, նա վճռով կգնար Գլխավոր շտաբ և կվերականգնվեր իր պաշտոնում․ «Հաստատ չկա այն վտանգը, որ գլխավոր շտաբը փակվելու է Հայաստանում, և չկա այն վտանգը, որ այդ ընթացքում, մինչ դատարանի վճիռը, չստացած աշխատավարձը չեն տալու, որովհետև այդ աշխատավարձը տալու է Հայաստանի Հանրապետությունը»։ 
 Հարցին՝ այս պարագայում պատասխանող կողմը ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել՝ փաստաբանն ընդգծեց, որ պետք է հենց այսօր դիմում ներկայացնի դատարան՝ պահանջելով վերացնել հայցի ապահովումը, որովհետև դատավորը ապահովել է մի բան, որն օրենքից չի բխում։ 
Փաստաբան Գևորգ Գյոզալյանն էլ վստահ է, որ առերևույթ հակասահմանադրականության խնդիր չկա․ «Դատարանը իրավահարաբերության բացակայությունն է ամրագրել, և ենթադրվում է, որ Օնիկ Գասպարյանին ազատելու իրավունք չկար։ Դատարանը բարձրացրել է ֆիկտիվ ակտի խնդիրը։ Այսինքն իրականությանը չհամապատասխանող երևույթի վրա ենթադրություն է կատարվում և առաջնում են հետևանքներ։ Հաշվի առնելով, որ նախագահը չէր ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու առաջարկը՝ սահմանադիրը այս առումով համարել էր, որ դա համարվում է ստորագրված։ Այս խնդրին է, որին դատարանն անդրադարձել է»,-ասաց փաստաբանն ու հավելեց, որ դատարանի որոշմամբ այս իրավահարաբերությունը իրականում այս պահին առկա չի եղել, իսկ դա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը մինչ իրեն ազատելը այդ իրավական վիճակի մեջ պետք է լինի, այսինքն ազատված չէ աշխատանքից։ 
Նշենք, որ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննսիյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով դատարանի կողմից հայցի ապահովմանը՝ ընդգծել էր․ «Դատարանն ասում է, եթե Գասպարյանն ունի 5 տարվա պաշտոնավարման ժամկետ և գտնում է, որ իրեն ազատելով իրավունքը խախտվել է, ես (դատարանը) եթե նույնիսկ վաղը իր հայցը բավարարեմ, բայց իր տեղն արդեն ուրիշին նշանակած լինեն՝ մենք իր խախտած իրավունքը չենք կարող վերականգնել»։
Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն․ «ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն համապատասխան ակտը, տվյալ դեպքում՝ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է իրավունքի ուժով: Սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել։ Հետևաբար, Օնիկ Գասպարյանը ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է»։
 
Նարա Մարտիրոսյան