«Երեկ Բուլղարիայից 50 ուկրաինահայ է եկել Հայաստան: Առաջիկա օրերին նախատեսվում է նաև, որ Բուխարեստից կլինեն եկողներ»,- civic.am-ի հետ զրույցում հայտնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա Կարապետյանը՝ միաժամանակ հավելելով, թե չի բացառում, որ լինեն մարդիկ, ովքեր չեն կապվել գրասենյակի հետ, խորհրդատվության կարիք չեն ունեցել և սեփական նախաձեռնությամբ, երրորդ երկրների տրանսվեր չվերթներով վերադարձել են հայրենիք։
Հստակեցնող հարցին՝Ուկրաինային սահմանակից հատկապես ո՞ր երկրներից են մեր հայրենակիցները Հայաստան տեղափոխվում՝ տիկին Կարապետյանը պարզաբանեց. «Մենք գիտենք դեպքեր, երբ մարդիկ, ընտանիքներ տեղափոխվել են, սակայն հստակ վիճակագրություն չունենք, թե Ուկրաինայի արևմտյան սահմանին կից երկրներից քանի քաղաքացի է տեղափոխվել, գուցե այդ ինֆորմացիան ԱԳՆ-ից ճշտեք։ Նախ, որովհետև այդ երկրներից ուղիղ չվերթներ չունենք, դրանով պայմանավորված նաև հստակ չեմ կարող ասել, թե քանի քաղաքացի է եկել։ Օրինակ՝ Վարշավա-Երևան, Բրատիսլավա-Երևան, Բուդապեշտ-Երևան, Բուխարեստ –Երևան ուղիղ չվերթներ չկան, մեր հայրենակիցները ևս մեկ տրանզիտ զոնա են անցնում, որպեսզի կարողանան ՀՀ գալ՝ Վիեննա-Երևան, Աթենք-Երևան, Ստամբուլ-Երևան չվերթներով։ Մենք գիտենք այն ընտանիքներին և այն մարդկանց, որոնք մեզ դիմել են։ Իսկ թե մյուսները երրորդ երկրներով արդյոք վերադարձել են Երևան՝ հստակ վիճակագրություն չունենք»։
Կարապետյանը նշեց նաև, որ այս պահին իրենց են դիմել մի քանի ընտանիքներ, որոնք հատում են Ուկրաինայի արևմտյան սահմանը և ցանկություն են հայտնել վերադառնալ ՀՀ։
«Մեզ, սովորաբար, դիմում են նաև մարդիկ, որոնք գտնվելով երկրորդ երկրում, հետաքրքրվում են, թե ինչպես կարող են տվյալ երկրում օգնություն ստանալ, շունչ քաշել, սթրեսային վիճակից դուրս գալ ու հասկանալ, թե իրենք ուր են ցանկանում գնալ։ Մենք կոորդինացնում ենք տվյալ երկրների հայ համայնքներին, որպեսզի համայնքային կառույցները տվյալ երկրում գտնվող ուկրաինահայերին որոշակի օգնություն ցուցաբերեն՝ կացարան, սնունդ, հագուստ, փաստաթղթերի թարգմանություն, իրավաբանական խորհրդատվություն։ Բնականաբար, դիմում են նաև բուն Ուկրաինայի տարածքից մարդիկ, հարցնում են, թե ինչպես կարող են դուրս գալ Ուկրաինայի տարածքից, սակայն այս հարցը՝ Ուկրաինայի տարածքից նրանց անվտանգ դուրս բերելը, մեր իրավասությունից դուրս է և այս պահին նրանց որևէ կերպ այդ հարցում օգնել չենք կարող։ Խորհուրդ ենք տալիս կապվել տեղի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ և նրանցից ստանալ խորհրդատվություն»։
Նշենք, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ, հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել էր, որ Ուկրաինան լքած ՀՀ քաղաքացիները 15 օր իրավունք ունեն մնալու Եվրոպական միության երկրներում՝ հայրենիք վերադառնալու պայմանով: Ուկրաինան լքող ՀՀ քաղաքացիները Եվրոպական միության երկրներ մուտքի հնարավորություն ունեն առանց վիզային սահմանափակումների, առանց քովիդի թեստի, երբեմն՝ նույնիսկ առանց պատշաճ փաստաթղթերի առկայության: Նրա հավաստմամբ՝ ԵՄ երկրների տարածքում Ուկրաինայի քաղաքացիների համար աշխատում է ԵՄ և ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի գրասենյակը։ Իսկ թե այդ երկրներում Ուկրաինայի քաղաքացիներին որքան ժամանակ կպահեն, ի՞նչ օժանդակություն կտրամադրեն՝ ԵՄ երկրների ԵՄ հանձնաժողովի որոշելիքն է:
Նշենք, որ Ուկրաինան սահմանակից է Եվրոպական միության 4 երկրների՝ Սլովակիային, Ռումինիային, Հունգարիային, Լեհաստանին: Սահմանակից պետություն է նաև Մոլդովան, որը ԵՄ անդամ երկիր չէ։
Ուկրաինային սահմանակից Բելառուսի և Ռուսաստանի հետ բոլոր անցակետերը փակ են:
Հեղինե Մանուկյան