«Առանց վարչապետի հրաժարականի չեն կարող անցկացվել արտահերթ ընտրություններ։ Իսկ վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ն պետք է նոր վարչապետ ընտրի։ Պետք է թեկնածուներ ներկայացվեն, և եթե ներկայացված վարչապետի թեկնածուն չի ընտրվում, մեկ շաբաթ հետո ԱԺ-ում երկրորդ ընտրությունն է լինում։ Իսկ եթե նոր վարչապետ ընտրվի արդեն արտահերթ ընտրություններ չեն լինի»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադառնալով այսօր՝ ՀՀ վարչապետի գրառմանը, որ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։
Պատգամավորի խոսքով՝ եթե ԱԺ-ն գործող վարչապետի հրաժարականից հետո նոր վարչապետ չընտրի՝ խորհրդարանը օրենքի ուժով կլուծարվի և ԱԺ-ի արձակումից հետո ոչ շուտ, քան 30 օր և ոչ ուշ, քան 45 օր հետո կանցկացվեն արտահերթ ընտրություններ։
«Գործող Սահմանադրության համաձայն՝ ընտրությունների օրը նշանակում է ՀՀ նախագահը, բայց այստեղ էլ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ ՀՀ նախագահը չի մասնակցում մեր քաղաքական կյանքին, մինչդեռ ճիշտ կլիներ, որ նրանք հայտարարեին, որ համաձայնության են եկել արտահերթ ընտրությունների վերաբերյալ»,- ասաց Գևորգ Պետրոսյանը՝ մատնանշելով այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանն է արտահերթ ընտրությունների օրը հրապարակել։
Մեր հարցին՝ Դուք ո՞ր կուսակցության կամ դաշինիքի հետ կմասնակցեք ընտրություններին՝ հաշվի առնելով, որ դեմ եք Նիկոլ Փաշինյանի գործունեությանը, հնարավո՞ր է միանաք Ռոբերտ Քոչարյանի թիմին՝ պատգամավորն արձագանքեց․ «Գուցե և ընդհանրապես չմասնակցեմ ընտրություններին, գուցե որևէ ուժի հետ չմիավորվեմ, որովհետև պետք է հավատամ այդ ուժին, այդ ուժի առաջնորդին, ընդհանուր գաղափարական գիծ պետք է ունենամ։ Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է արտահերթ ընտրություններին և հաղթելու է, Քոչարյանն ինձ համար նախընտրելի քաղաքական գործիչ է, բայց քանի դեռ չկան առարկայական խոսակցություններ՝ չեմ ուզում գուշակություններով զբաղվել»։
Անկախ պատգամավորի կարծիքով՝ արտահերթ ընտրությունները որևէ հարց չեն կարողանալու լուծել․ «Ով ձախողել է ներքին և արտաքին քաղաքականությունը՝ նա պետք է հրաժարական տա, իսկ հրաժարական տալու համար ամենևին պարտադիր չէր լինի արտահերթ ընտրություններ անցկացնել։ Թող ընտրվեր ԱԺ գործող կազմի կողմից ուրիշ թեկնածու, ով ի զորու կլիներ երկիրը դուրս բերել այս վիճակից։ Եթե այդ մարդը չէր կարողանա երկիրը դուրս բերել այս վիճակից, օրենքով սահմանված ժամկետներ կան, կարող էին անվստահություն հայտնել նոր վարչապետին, և հետո մտածեին արտահերթ ընտրությունների մասին»։
Նարա Մարտիրոսյան