«Դոնեցկ քաղաքի ծայրամասը շփման գիծ է․ Այս պահին էլ երկուստեք հրթիռներ են արձակում, արկեր են ընկնում այս կողմ, այն կողմ։ ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում մոտ 10 հազար հայ է ապրում»․ հոգևոր հովիվ
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում  մարտական թեժ գործողությունները շարունակվում են, այս պահին էլ կրակոցների ձայներ են լսվում։ Civic.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ամիրյանը։ 

Նշենք, որ ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Դոնեցկում Ուկրաինայի ԶՈՒ-ն «Տոչկա-ՈՒ» հրթիռ է կիրառել, որը  կասետային լիցք է պարունակել։ Մեզ հետ զրույցում  Ամիրյանը նշեց, որ հրթիռակոծության հետևանքով (բեկորներից) զոհեր են արձանագրվել՝  23 քաղաքացիական  անձ, որոնք եղել են երթուղային  ավտոբուսի մեջ և կանգառում կանգնած։  Մակեևկա քաղաքում բնակվող քահանան նշեց նաև. «Այս պահին էլ երկուստեք հրթիռներ են աշխատում, արկեր են ընկնում այս կողմ, այն կողմ, մեզ մոտ՝ Դոնեցկ քաղաքի ծայրամասը շփման գիծ է։ Քիչ առաջ էլ կապի մեջ էի  Յասինավատայա քաղաքի հետ,  հատկապես այդտեղ այժմ թեժ է, մարտական գործողություններ հիմնականում այդ ուղղությամբ են ընթանում,  բայց, բարեբախտաբար, զոհեր չունենք։ Բոլորին խնդրել եմ, որ նկուղներում մնան, հանկարծ դուրս չգան»։  

2014 թվականի պատերազմի փորձից ելնելով՝ նախկինում կառուցված  նկուղները՝  դպրոցների, հիվանդանոցների, բնակելի տների, բարձրահարկ շենքերի,  քահանայի հավաստմամբ, վերակառուցվել են և ծառայում են որպես ապաստարան։ Ինքը՝ քահանան էլ ապաստանում է եկեղեցուն մոտ գտնվող իր բնակարանում, տեղի եկեղեցին, որտեղ ծառայություն է իրականացնում,  չունի նկուղ։ Հարցին՝ քանի՞ հայ է ապրում ԴԺՀ-ում, մեր զրուցակիցը պատասխանեց, թե ստույգ թիվ ասել չի կարող։ «Դոնեցկի նախկին մարզը քանի որ կիսվել է, մի մասը մնացել է այն կողմում, ուստի մոտավոր հաշվարկ պետք է անել, ըստ այդմ՝ 7 հազար՝ Դոնեցկում, Լուգանսկում՝ մոտ 3 հազար։ Ընդհանուր՝ մոտ 10 հազար հայ է ապրում այս՝ անջատված մասում։ Հայերի մեծ մասը՝ կանայք և երեխաներ, այս պատերազմից հետո  դրսում են, անվտանգ վայրերում, տղամարդիկ շարունակում են այստեղ մնալ, քանի որ նրանց ելքն արգելված է։ Այնպես չէ, որ բոլոր կանայք են տեղափոխվել, ով կարողացավ՝ տեղափոխվեց, ով չէ՝ մնաց։  ԴԺՀ-ից և ԼԺՀ-ից տեղափոխված մեր հայրենակիցները հանգրվանել են միայն Ռուսաստանի Դաշնությունում, քանի որ այլ տեղ տեղափոխվելու համար պետք է կրակի միջով՝ ռազմաճակատով անցնեն։ Գիտեմ մի քանի հոգու, որոնք ՌԴ-ից վերադարձել են ՀՀ, իրենց պապական տները։ Իսկ Ուկրաինայից մեր հայրենակիցները հիմնականում տեղափոխվում են Եվրոպա։ Մեծ թվով հայերի գիտեմ, որ մասնավորապես Ռումինիա, Գերմանիա, Լեհաստան են տեղափոխվել»։ 

Նկատեցինք, որ  մեր հայրենակիցներից  քչերն են  վերադառնում հայրենիք՝ Հայաստան, նախընտրում են օտար երկրները, ինչին ի պատասխան քահանան ասաց. «Տեղյակ եմ, այո, այստեղից երկու ընտանիք կա, որոնք ցանկանում են Հայաստան գալ, բայց քանի որ օդը փակ է, չեն կարողանում գալ։ Հենց բացվի՝ իրենք անպայման ուզում են ՀՀ վերադառնալ։ Իսկ մյուս՝ Ուկրաինայի  կողմից թե ինչու չեն ուզում ՀՀ գալ, կդժվարանամ ասել։ Մենք կապ ունենք ՀՀ ԱԳՆ-ի հետ,  դեսպանատների հետ, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հետ, տվյալներ ենք հավաքում, կարող եմ ասել, որ ՀՀ եկող գրեթե չկա, նախընտրելի ուղղությունը եվրոպական երկրներն են»։  

Քահանան նշեց նաև, որ մոբիլիզացիան, որը հայտարարվել է մարտական գործողությունները սկսելուց հետո, դեռևս չի դադարեցվել։

«Մենք բավական հայեր ունենք, որ և՛ ընդհանուր զորահավաքով, և՛ որպես պարտադիր զորակոչի տարիքի հասած քաղաքացիներ ծառայում են։ Հրաման կար, որ բոլոր հիմնարկների տղամարդկանց  50 տոկսը պետք է գնա ռազմաճակատ, մնացածը մնան ու աշխատեն։

Իմ տվյալներով՝ հայերից մոտ 36 հոգու ՄՈԲ-ով, ևս 5 հոգու էլ որպես պարտադիր զորակոչի տարիքի քաղաքացիներ տարել են ծառայության։ Նրանց հետ կապի մեջ եմ, մեկին չէի կարղանում գտնել, որը պայմանագրային էր, մոտ 10 օր լուր չունեի, այսօր առավոտյան եմ խոսել հետը, ձայնը լսեցի, ուրախացա։ Մեկ հոգի էլ կա, որի հետ ամսի 5-ից կապ չկա, անհանգիստ եմ իր համար, մնացածը ողջ-առողջ են»,-եզրափակեց Տեր Նարեկ քահանա Ամիրյանը։  

Հեղինե Մանուկյան