Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ էր գումարել Բարձրագույն դատական խորհրդի լիազորություններն ընդլայնող նախագիծը քննարկելու համար։ Նախագիծն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, երկրորդ ընթերցումը կրկին այսօր է նախատեսվում։ Այս օրենսդրական փաթեթը խորհրդարանական և արտախորհրդարանական որոշ ուժեր համարում են միջամտություն դատական համակարգին։
Նախագծի խնդրահարույց դրույթների շուրջ Civic.am-ը զրուցել է ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի հետ։
Պրն Քոչարյան, նախագծով ԲԴԽ-ին տրվում է լիազորություն՝ ըստ որի առանձնակի բարդություն ներկայացնող քրեական գործը ԲԴԽ-ն կարող է մի դատավորից վերցնել և կազմակերպել նույն դատարանի կազմից մեկ այլ դատավորին տալու գործընթացը։ Այստեղ Դուք արդարադատությանը միջամտություն չե՞ք տեսնում։
Ընդհանուր առմամբ այդպիսի մտահոգություն կարող է լինել, բայց պետք է հաշվի առնել, որ ԲԴԽ-ն նույնպես դատական իշխանության մարմին է հանդիսանում։ Իմ կարծիքով նման միջամտություն կիրականացվի միայն ծայրահեղ դեպքերում, և այդ որոշումը պետք է շատ պատճառաբանված լինի։ ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է հանդիսանում և նման որոշումները միշտ էլ բազմակողմանի քննարկումներից հետո են ընդունվում։ Այս նախագիծը պատգամավորական նախաձեռնություն է, իսկ մեր՝ սահմանադրական մարմնի գործն էլ՝ աշխատելն է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։
Դա չի՞ տա քաղաքական հետապնդման հնարավորություն տվյալ օրվա իշխանությանը, այսինքն իշխանությունը քաղաքական աղմակահարույց գործերը տա իր համար նախընտրելի դատավորին։
Ես չեմ կարծում, որ խնդիրը այդ հարթության մեջ է, իմ կարծիքով մասնագիտական հարթության մեջ է։ Անձամբ ես կառաջարկեի այլ ճանապարհով գնալ․ շատ երկրներում գոյություն ունեն այպես կոչված՝ առանձին դատարան, որը կոչվում է ծանր հանցագործությունների դատարան։ Այնտեղ աշխատում են առավել փորձառու դատավորներ, և այդ դատավորներն են պատասխանատու առավել բարդ և ծանր գործերը քննելուց։ Իսկ այսօրվա մեր կարգավորումներով՝ մենք ունենք վիճակ, որ ակադեմիան ավարտած երիտասարադ դատավորը, որը կյանքում ոչ մի գործ չի քննել և էլեկտրոնային համակարգի միջոցով նրան բաժին է հասնում ծանրագույն հանցագործության վերաբերյալ գործ, որը բազմահատոր գործ է, մի քանի հարյուր վկաներ պետք է հարցաքննվեն և այլն։ Եվ այստեղ բնական մտահոգություններ և կասկածներ կարող են առաջանան առա այն՝ արդյոք այդ դատավարությունը ամենաարդյունավետ կերպով հնարավորություն կունենա, օրինակ, այդ երիտասարդ մասնագետն իրականացնելու։ Խնդիրը կա և փաստորեն այսօր մենք տեսնում ենք, որ քայլեր են ձեռնարկվում ինչ-ինչ լուծումներ գտնելու համար։
Քաղաքացիները ներկայումս չունեն իրավունք դիմելու ԲԴԽ՝ դատավորի հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով, իսկ առաջարկվող փոփոխությամբ քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրվում է այդ հնարավորությունը։ Անհրաժեշտությու՞ն է անմիջապես ԲԴԽ-ին դիմելը, թե Արդարադատության նախարարության կամ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից իրականացվող այս գործընթացը բավարար է։
Մի կողմից սա ընձեռնում է նոր հնարավորություններ քաղաքացիներին, փաստաբաններին իրենց խախտված իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելուն, բայց մյուս կողմից էլ այստեղ ուրիշ վտանգ կա՝ համապատասխան դիմումները կարող է մեծաթիվ լինեն և ԲԴԽ-ն «խորտակվի» այդ դիմումների տակ։ Ուստի, ես կարծում եմ, և մեր օրենսդիրն էլ պետք է մտածի, և գուցե մենք էլ՝ համապատասխան ընթացակարգերի միջոցով այդ դիմումների որոշակի ֆիլտրման մեխանիզմներ լինեն, որպեսզի իմ նշած այդ բացասական հետևանքը չլինի։
Նախագծով առաջարկվում է, որ դատական սանկցիայի առանձին տեսակ կիրառվի՝ իրավունքի իրականացման սահմանափակումը, երբ դատավարության մասնակիցը չարաշահում է իր իրավունքները և ըստ այդմ ձգձգվում է արդարադատությունը։ Արդյո՞ք ճիշտ մոտեցում է սա։
Մենք խնդիր ունենք դատական գործերը քննելիս ողջամիտ ժամկետների պահպանմանը։ Եվ ողջամիտ ժամկետների չպահպանումը լուրջ խնդիր է մարդու իրավունքների պաշտպանության առումով։ Այս խնդրի վրա հատուկ զեկույցով Մարդու իրավունքների պաշտպանն էր հանդես եկել՝ ներկայացնելով մեր իրականությունը՝ նշելով, որ սա անընդունելի է հենց մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Եվ ես կարծում եմ, որ առաջարկվող այս օրենսդրական լուծումն ուղղված է հենց այս խնդրի լուծմանը։ Օրինակ՝ երկու քաղաքացիների միջև գույքային վեճ է, որը պետք է լուծվի։ Այն կողմը, որը չի ուզում դատարանը համապատասխան որոշում կայացնի` (առանց այն էլ դատավորների ծանրաբեռնվածությունն այնպիսին է, որ հնարավոր չի լինում ամեն շաբաթ նիստ կայացնել, ամիսը մեկ անգամ է նիստը կայացնում) կարող է ամեն նիստին ինչ-որ մի նոր միջնորդություն, մի նոր դիմում, մի նոր հանգամանք առաջացնի նպատակ ունենալով, որպեսզի ամիսներով, տարիներով դատարանը ի վիճակի չլինի որոշում կայացնելու: Հիմա դատավորին տրվում է գործիքակազմ, եթե տեսնի որև կողմն ակնհայտ չարաշահում է իր իրավունքները, կարողանա իր առաքլեությունը, այն է՝ գործերը քննել ողջամիտ ժամկետում, իրականացնել։
Իսկ այս դրույթը չի՞ սահմանափակում դատավարական այն կողմի իրավունքը, որը պարբերաբար միջնորդություններ ու դիմումներ է ներկայացնում, միգուցե դրանք տեղին են ներկայացվում դատարան։
Իհարկե, միգուցե տեղին են, դրա համար էլ մենք ունենք անկախ դատական իշխանություն, անկախ դատավոր, որ ինքն էլ որոշի որը տեղին է, որը տեղին չէ։