Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքացիներն ու իրավաբանական անձինք կունենան իրավունք ԲԴԽ դիմելու՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար․ Վլադիմիր Վարդանյան

Քաղաքացիներն ու իրավաբանական անձինք կունենան իրավունք ԲԴԽ դիմելու՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար․ Վլադիմիր Վարդանյան
Իրավունք
13:30, 19 март 2021
Այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ն գումարել է արտահերթ նիստ՝ «ՀՀ Դատական օրենսգիրք»  սահմանադրական օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու հարցով։

 Նախագիծը չի քննարկվել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Նախագծի զեկուցող ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ասաց, որ նշված օրենքի փոփոխություններն ու լրացումները հրատապ ընդունելու հարցը պայմանավորված է դատական համակարգի առջև ծառացած մի շարք արդիական խնդիրները շուտափույթ լուծելու հանգամանքով։   

Վլադիմիր Վարդանյանը ներկայացնելով նախագծի փաթեթը նշեց, որ այս փոփոխություններով ԲԴԽ-ին տրվելու են մի շարք լիազորություններ։ Ինչպես նաև հավելեց, որ առաջարկվում է դատական սանկցիայի առանձին տեսակ նախատեսել այն դատավարական կողմի համար, որը չարաշահում է իր իրավունքը՝ վտանգելով արդարադատության ապահովումը․ «Որպես դատական սանկցիայի առանձին տեսակ նախատեսել իրավունքի իրականացման սահմանափակումը, որ առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը իր դատավարության իրավունքներից օգտվելիս պարբերաբար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահերի ապահովումը։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն՝ նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր»։ 

Պատգամավորի խոսքով այս լիազորության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ ԲԴԽ-ն իր լիազորությունների շրջանակում երբեմն կարիք է ունենում հրատապ կարգավորում տալ առանձին հարցերին․ «Նախագծի ընդունման դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի՝ ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց մասնակցության կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է կարգապահական խախտման որոշակի հիմք, և պահպանված են սահմանված ժամկետները։ Այս դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումը ինքնին առիթ է լինելու հարցը ԲԴԽ-ի կողմից քննելու համար»։ 

Նախագծով առաջարկվում է նաև ԲԴԽ-ին լիազորություն վերապահել՝ առանձնակի բարդություն ունեցող  քրեական գործերը քննելու համար տվյալ դատարանի կազմից ընտրել համապատասխան մասնագիտացում կամ ենթամասնագիտացում ունեցող դատավոր՝ վիճակահանությամբ՝ հաշվի առնելով որոշ չափորոշիչներ․ «ԲԴԽ-ին լիազորություն վերապահել առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի քննության արդյունավետությունը և դատավարության մասնակիցների իրավունքների օրինական շահերի պահպանումն ապահովելու նպատակով և ելնելով արդարադատության շահերից՝ տվյալ դատարանի կազմից ընտրել այդ գործերի քննության համար վիճակահանության  մասնակից դատավորների համապատասխան մասնագիտացում կամ ենթամասնագիտացում ունեցող այն դատավորների թվից՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից նախկինում նմանատիպ գործեր քննած լինելու հանգամանքը և այդ  ընթացքում դատական նիստի  բնականոն ընթացքն ապահովելու դրսևորած հմտությունները։ Ըստ այս առաջարկի ԲԴԽ-ն ընտրելու է նշված չափորոշիչներին համապատասխանող երեք դատավորների, ում միջև տվյալ առանձնակի բարդությամբ ներկայացվող գործերը բաշխելու է նրանց ներկայությամբ իրականացվող վիճակահանությամբ»,-ներկայացրեց Վլադիմիր Վարդանյանն ու հավելեց, որ բացի այս առաջարկվում է, որպեսզի ԲԴԽ-ն լիազորություն ունենա նշված չափորոշիչներին համապատասխանող գործը վերցնելու այն դատավորից, ովքեր դրսևորել են նշված գործեր քննելու անհարժեշտ հմտությունների բացակայությունը։

Առաջին ընթերցումից հետո հանձնաժողովը քննարկումը կկազմակերպի բաց ընթացակարգով։ Նախագծի զեկուցողն ընդգծեց, որ բովանդակային քննարկման ժամանակ կպատասխանի բոլոր հարցերին․ «Նախագիծը վաղ է դրվել շրջանառության մեջ, և ես չեմ ստացել որևէ գրավոր առաջարկ, որ քննարկենք այս նախագիծը հանձնաժողովում»,- ընդգծեց նա։

Նախագիծը ԱԺ է ներկայացվել ԱԺ պատգամավորներ՝ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Արթուր Դավթյանի, Վահագն Հովակիմյանի և Սերգեյ Ատոմյանի կողմից։ 

Նարա Մարտիրոսյան