Ինչպես արդեն հայտնել էինք՝ նախօրեին դատախազությունից տեղեկացրել էին, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ օրենքի խախտում թույլ տալու հիմքով քննիչը հեռացվել է վարույթից:
Այս առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեից
«Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեցին, որ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի` Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին վարույթից հեռացնելու մասին որոշումը համարում են անհիմն և ապօրինի:
«Ավելին` ևս մեկ անգամ հարկ ենք համարում փաստել, որ քննիչը գործել է բացառապես օրենքի շրջանակներում: Նշված հիմքով քննիչի կողմից հիշյալ որոշման դեմ առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին` ակնկալելով, որ վերջինս կվերացնի ստորադաս դատախազի ոչ իրավաչափ որոշումը, այլ ոչ թե կնախընտրի հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության հանրայնացված կարծիքին դեմ չգնալու գործելաոճը»,-ասացին կոմիտեից:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին ստուգել Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի առանձնատան կալանքը հանելու և անմիջապես այն վաճառելու հանգամանքները: