Գերությունից հայրենադարձված ու որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ ՊՆ մայոր Նարեկ Երիմյանի գործն Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է։ Դատական նիստը նշանակված է մայիսի 13-ին։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց Նարեկ Երիմյանի փաստաբան Կարմեն Պողոսյանը։
Նշենք, որ 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈւ-ն ռազմական գործողություն էր սկսել Հայաստանի դեմ, որի հետևանքով Սիսիանի Իշխանասարի ու Ջերմուկի դիրքերից հայ զինծառայողներ էին գերեվարվել, ինչպես նաև հակառակորդի տիրապետության տակ անցան այդ հատվածներից որոշ մարտական դիրքեր։
Նարեկ Երիմյանի փաստաբան Կարմեն Պողոսյանի խոսքով՝ Ջերմուկի դիրքերից գերի ընկած զինծառայողներից մեղադրանք առաջադրվել էր միայն Նարեկ Երիմյանին, իսկ նույն գործով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող մյուս երկու զինծառայողները՝ մայոր Գեղամ Գեղամյանն ու շարքային Սպարտակ Մանուչարյանը, գերեվարված չեն եղել, նրանք դիմել էին փախուստի։
Նարեկ Երիմյանի փաստաբանն ընդգծեց, որ գերեվարվելիս իր պաշտպանյալի ձեռքին զենք չի եղել, քանի որ դիրքը հանձնելիս է եղել հերթապահությունն ընդունող ավագին: «Դեպքը տեղի է ունեցել հերթափոխության ժամանակ, Նարեկ Երիմյանը եղել է վրանում՝ սննդամթերքի պաշարը հանձնելուց է եղել հերթափոխն ընդունած ավագին, երբ ասել են թուրքերն եկան, դուրս է եկել, որ զենքը վերցնի, բայց արդեն մոտ են եղել։ Նարեկ Երիմյանի պատմելով, եթե զենք լիներ իր մոտ՝ ինքը կպայքարեր, չէր հանձնվի»,- ասաց փաստաբանն ու հավելեց, որ իր պաշտպանյալը նշել է՝ Ադրբեջանի զինծառայողները թվաքանակով գերազանցել են հայ զինծառայողներին։
Սակայն, ըստ դատական գործի, որն առկա է դատական տեղեկատվական համակարգում՝ Ադրբեջանի զինծառայողները թվաքանակով ավելի քիչ են եղել, քան հայ զինծառայողները։
Դատական գործում նշված է, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Սպարտակ Մանուչարյանի կողմից դիտարկվել է հակառակորդի զինծառայողների հարձակումը, սակայն Արտակ Մանուչարյանը հակառակորդի ուղղությամբ զենք գործադրելու փոխարեն լքել է դիտակետը, գնացել է մարտական հենակետում գտնվող վրան (գետնատնակ), որտեղ գտնվել է դիրքի մնացած անձնակազմը, այդ թվում՝ Նարեկ Երիմյանը։ Իսկ Մայոր Երիմյանը տեղեկանալով հակառակորդի հարձակման մասին, ունենալով զենք կիրառելու իրավասություն՝ հարձակված հակառակորդին վնասազերծելու, դիրքի անձնակազմին զենքով գործելու հրաման արձակելու փոխարեն փորձել է բանակցություններ վարել հակառակորդի հետ։ Նույն ժամանակ, հարևանությամբ գտնվող մարտական դիրքից հերթափոխ կատարելուց հետո ավտոմեքենայով դեպի այդ դիրք են եկել 6 զինծառայողներ, որպեսզի նույն մարտական դիրքում հերթափոխ իրականացրած պարտադիր ժամկետային զինծառայողներին իջեցնեն զորամասի մշտական տեղակայման վայր։ Դատական գործում ընդգծված է, որ Ջերմուկի դիրքում հայտնված Ադրբեջանի 8-9 զինծառայողները փորձել են գերեվարել հայ 21 զինծառայողներին, որոնցից 8 զինծառայողներ, այդ թվում՝ Գեղամ Գեղամյանն ու Սպարտակ Մանուչարյանը դիմել են փախուստի։ Գերեվարված 13 զինծառայողներից 2-ը սպանվել են Ադրբեջանի զինծառայողների կողմից։ Սպանված զինծառայողներ Տարոն Սահակյանի և Արսեն Գասպարյանի դիերը փոխանցվել են հայկական կողմին, 11 գերեվարված զինծառայողներից 8 ռազմագերիներ վերադարձվել են, իսկ 3 ռազմագերիներ դեռևս գտնվում են Ադրբեջանում։
Նարեկ Երիմյանը, Գեղամ Գեղամյանը, և Սպարտակ Մանուչարյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Նշենք, որ Նարեկ Երիմյանն ազատության մեջ է, նրա նկատմամբ կալանքը փոխարինվել է գրավով։
Ինչ վերաբերում է Իշխանասարի դիրքերից գերեվարված, հայրենադարձված ու մեղադրյալի կարգավիճակում հայտնված զինծառայողների գործին՝ այն դեռևս նախաքննության փուլում է։ Այս մասին մեզ տեղեկացրեց Իշխանասարի հատվածից գերեվարված, հայրենադարձված ու մեղադրյալի կարգավիճակում հայտնված ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Արտյոմ Մանասյանի պաշտպանը՝ Ալեքսան Թումասյանը։
Նշենք, որ Արտյոմ Մանասյանը ևս ազատության մեջ է՝ դատարանը մերժել է կալանքը երկարացնելու վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ Փաստաբանը հավելեց նաև, որ Արտյոմ Մանասյանը ներկայումս էլ շարունակում է իր ծառայությունը ՀՀ ՊՆ-ում։
Նարա Մարտիրոսյան