Դատախազն առաջարկում է հարցաքննել Սիլվա Համբարձումյանին, Վարդան Օսկանյանին․ Նաև միջոցներ ձեռնարկել հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանին հարցաքննելու համար․ ուղիղ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
3 մլն ԱՄՆ դոլար կաշառքի մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական այսօրվա նիստում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, անցավ ապացույցների հետազոտման կարգի սահմանմանը՝ առանց քննարկելու պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առաջարկեց սահմանել ապացույցների հեռազոտման հետևյալ կարգը․ նախ՝ հետազոտել քրգործում առկա փաստաթղթերը, այնուհետև` իրեղեն ապացույց ճանաչված հանգամանքները, դրանից հետո անցնել վկաների հարցաքննությանը և ամփոփել ապացույցների հետազոտումը ամբաստանյալների հարցաքննությամբ։
Դատախազն առաջարկեց սկզբից հարցաքննել Սիլվա Համբարձումյանին, Վարդան Օսկանյանին, Լևոն Սուլթանյանին, Անահիտ Իսրայելյանին, Կարմեն Սահակյանին, Անդրանիկ Գևորգյանին։ Նաև դատախազությունը պատրաստվում է միջնորդել միջոցներ ձեռնարկել հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանին հարցաքննելու համար։
Արամ Օրբելյանը խնդրեց պարզաբանել՝ ինչ դատավարական գործընթացով է դատարանը հրաժարվում ապացույցներից։ «Քրեական գործի մեջ կա ավելի քան 100 հատոր նյութ, որի մեծ մասն ապացույցներ են, կա դատակոչի մեծ ցուցակ, իսկ դատախազն, ըստ էության, հրաժարվում է այդ ապացույցներից», - ասաց պաշտպանը։
Ըստ նրա՝ ցուցակի մեջ պետք է նաև ավելացնել դատավարական փաստաթղթերի ուսումնասիրելը։ Օրբելյանը նաև առաջարկեց Սիլվա Համբարձումյանին հարցաքննել ամենավերջում, ընդ որում՝ նույն օրը միաժամանակ ուսումնասիրել իր գրավոր ցուցմունքները։