Քոչարյանի պաշտպանի նկատմամբ դատական սանկցիա է կիրառվել
ՀՀ երկրորդ նախագահ, կաշառքի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի նկատմամբ դատարանը կարգապահական պատասխանատվություն կիրաեց՝ տուգանելով 50 հազար դրամ: Սա այն բանից հետո, երբ Օրբելյանը լքեց դատական նիստերի դահլիճը՝ չհամաձայնելով դատավորի գործողությունների հետ։

Պաշտպանն առաջարկեց սկզբից քննարկել քրեական գործը կարճելու միջնորդությունը, իսկ դատավորը պնդում էր, որ անցնում է ապացույցների հետազոտմանը։ Օրբելյանը հայտարարեց, որ կլքի նիստերի դահլիճը, նույնիսկ առանց դատարանի թույլտվության. «Իսկ իմ կարգապահական պատասխանատվության հարցը կարող եք քննարկել իմ ներկայությամբ։ Կարող եմ ձևական դուրս գալ և նորից մտնել դահլիճ, որպեսզի այդ հարցն իմ ներկայությամբ քննարկեք», - հայտարարեց Օրբելյանը։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց, պնդելով, որ դատարանն անցնի ապացույցների հետազոտմանը։

Դատավորի հարցին՝ պատրաստվում է արդյո՞ք վերադառնալ դահլիճ, Օրբելյանը պատասխանեց․ «Եթե 17։00-ին նիստ լինի, կվերադառնամ»։ 

Ի վերջո պաշտպանը դուրս եկավ՝ խոստանալով վերադառնալ 16։30-ին, եթե նիստը կշարունակվի։ Դատավորը հայտարարեց, որ առանց Օրբելյանի նիստը չի կարող շարունակվել և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Օրբելյանի նկատմամբ դատական սանկցիայի հարցը քննարկելու, և կայացրեց դատական սանկցիան:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա մայիսի 3-ին: