Տարվա ավարտին բացահայտվել են ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 40 մլրդ դրամ արժեքի գույք. դատախազը ԱԺ-ին ներկայացրեց տարվա գործունեության մասին հաղորդումը
Խորհրդարանում ընթացող ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի օրակարգում մեկ հարց էր՝ ՀՀ դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը ԱԺ-ին ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Ինչպես ասել եմ, այս աշխատանքը ոչ միայն առանձին այս ինստիտուտի կատարած աշխատանքի արդյունքն է, այլև ամբողջ երկրում քրեական հետապնդման մարմինների կատարած աշխատանքների արդյունքներն են»,- իր ելույթն այսպես սկսեց ՀՀ գլխավոր դատախազը՝ նշելով, որ բավականին ծավալուն հաղորդում է ներկայացվել խորհրդարանին։

Արթուր Դավթյանի խոսքով՝ իրենք փորձել են ամենայն մանրամասնությամբ և ամբողջապես ներկայացնել տարվա ընթացքում դատախազական գործառույթների առանձին ուղղություններում կատարած աշխատանքները, փորձել են արձանագրել ինչպես ձեռքբերումները, այնպես էլ բացթողումները։

Գլխավոր դատախազի ներկայացմամբ՝ հաղորդման մեջ բացահայտել են նաև այն խնդիրները, որոնք, ըստ դատախազության պատկերացման,  դեռևս խոչընդոտներ են ստեղծում և կատարելագործման անհրաժեշտություն ունեն։ Արթուր Դավթյանը նաև հավելեց, որ դրանց հետ կապված ներկայացրել են նաև իրենց առաջարկներն ու տեսլականները։

«Հաղորդման մեջ, ինչպես արդեն մենք ավանդույթ են դարձրել, մանրամասնորեն նկարագրել ենք  հանրային հնչեղություն ունեցող առանձին ուղղություններով  քրեական գործերով, առանձին դեպքերով կատարված աշխատանքների արդյունքները»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Դավթյանը նշեց, որ 2021 թվականի ընթացքում ՀՀ բոլոր նախաքննական մարմինների վարույթում է շուրջ 44751 քրեական գործ՝ նախորդ տարվանից 10000-ով ավելի։ 

Կոռուպցիայի դեմ պայքարը ևս շարունակում է մնալ ՀՀ գլխավոր դատախազության առաջնահերթությունը։ Տարվա ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ, նախորդ տարվանից մոտ 300-ով ավելի։ Այդ անձանցից մոտ 600-ը հանդիսացել են պաշտոնատար անձ։ 

«Տարվա ընթացքում հաջողվել է քննությունն ավարտել ու դատի տալ շուրջ 433 անձի՝ կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար»,- ասաց Դավթյանը։

Նրա փոխանցմամբ՝ տարվա ավարտի դրությամբ՝ ընթացիկ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով բացահայտված պետությանը պատճառված վնասը կազմել է 443 մլրդ դրամ։

«Միայն 2021 թվականի ընթացքում փաստացի քննության արդյունքում վերականգնվել է 7 միլիարդ դրամի վնասը։ Այս քրեական գործերի մեծամասնությունը բավական երկար ժամանակ քննվող քրեական գործեր են, ակնհայտ է, որ պետությանը պատճառված վնասի հաշվարկը, պարզումը, դրա պատշաճ ապացուցողական բազայով հիմնավորումը ժամանակատար գործընթաց է։ Միայն այս տարվա առաջին եռամսյակում ունենք 19 միլիարդ դրամի պետությանը պատճառված վնասի վերականգնում»,- հայտարարեց գլխավոր դատախազը։

Դավթյանն առանձին անդրադարձ կատարեց նաև 44-օրյա պատերազմի ժամանակ կատարված հանցագործություններին։

2021 թվականի ընթացքում վարույթում քննվել է 44-օրյա պատերազմում հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործ. տարվա ավարտի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի նկատմամբ։

«55 անձ արդեն իսկ այդ քրեական գործերով դատի են տրվել, ունենք համապատասխան դատավճիռներ. արդեն իսկ ավարտված քրեական գործերով պարզվել է, ցավոք, որ պատերազմական գործողությունների ընթացքում մեր Զինված ուժերի ներկայացուցիչներ, բազում սպաներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու դրսևորումներ են ունեցել, որոնցով այդ անձանց նկատմամբ ունեցել ենք քրեական հետապնդումներ, ունենք նաև դատի տրված անձինք, մնացյալ գործերով նախաքննությունը շարունակվում է»,- Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ 
Դավթյանն անդրադարձավ նաև ապօրինի գույքի բռնագանձմանը՝ ասելով, որ տարվա կտրվածքով վարչության վարույթում գտնվել է 279 անձի վերաբերյալ ուսումնասիրություն։ Տարվա ավարտին ավարտված են եղել 14 անձի վերաբերյալ ուսումնասիրությունները, որոնցով բացահայտվել են ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ գույք, 23 շարժական գույք, 23 ընկերությունում մասնակցություն և 27 մլրդ գումար։ «Այս պահի դրությամբ դատարան են ներկայացվել 6 հայց, որոնցով այս ամբողջ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը դրամական արժեքի վերածելու դեպքում հայցագինը կազմում է 40 մլրդ դրամ»,- ասաց Արթուր Դավթյանը։