Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, զենքի գործով դատապարտվել է ազատազրկման և համաներմամբ ազատվել պատժից
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ («Ջոնիկ») Աբրահամյանը, մեկ ամիս առաջ զենք-ռազմամթերքի գործով մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 2 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ համաներում է կիրառվել, ու Աբրահամյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժից: Նույն պատիժն է նշանակվել նաև գործով անցնող մյուս ամբաստանյալի՝ Ամբիկ Գևորգյանի նկատմամբ: Վերջինս, ըստ գործի նյութերի, Աբրահամյանների մտերիմն է, «Մխչյան Ֆիշ» ընկերության տնօրենը: Ամբիկ Գևորգյանի նկատմամբ նույնպես համաներում է կիրառվել ու ազատվել է պատժից: Դատարանը Հենրիկ Աբրահամյանին և Ամբիկ Գևորգյանին վերագրվող մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու հոդվածը՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասը,  վերաորակել է ավելի մեղմ հոդվածի՝ 235-րդ հոդվածի 1-ին մասի. դատարանի գնահատմամբ Հենրիկ Աբրահամյանն ու Ամբիկ Գևորգյանը խմբի կազմում, նախնական համաձայնությամբ չեն գործել. գրում է hetq.am_ը:

Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզում՝ դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ:«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում տեղադրվել է դատավճիռը, որում առկա են հետաքրքիր մանրամասներ՝ զենք-զինամթերքի հայտնաբերման, Ամբիկ Աբրահամյանի տված ցուցմունքների, վերջինիս և Հենրիկ Աբրահամյանի միջև հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ:

2018 թվականի օգոստոսին քրեական գործ է հարուցվել Ամբիկ Անդրանիկի Գևորգյանի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և իր անվամբ ձևակերպված Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում պահելու դեպքի առթիվ, որը օգոստոսի 7-ին Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել: Նույն օրը Ամբիկ Գևորգյանը ձերբակալվել է: Հաջորդ օրը ձերբակալվել է նաև Հենրիկ Աբրայամյանը: Ամբիկ Գևորգյանը օգոստոսի 9-ին ազատ է արձակվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Վարույթ իրականացնող մարմինը 2018 թվականի օգոստոսի 10-ին որոշում է կայացրել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով Հենրիկ Աբրահամյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար: Ըստ մեղադրանքի՝ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Հենրիկ Աբրահամյանը նախաքննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակ անհայտ աղբյուրից ապօրինի կերպով, «Զենքի մասին» օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ձեռք է բերել և նույն մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Ամբիկ Անդրանիկի Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբոր՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Արարատի մարզի Մխչյան գյուղի 5-րդ փողոցի 1-ին հասցեում գտնվող Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող գործարանային արտադրության՝ 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգեր, 5,45 մմ տրամաչափի երեք հատ ակոսափող ձեռքի գնդացիրներ, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին , 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող, ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2018 թվականի օգոստոսի 06-ին նշված տարածքում կատարված խուզարկությամբ: Օգոստոսի 11-ին Հենրիկ Աբրահամյանը կալանավորվել է, ապա նրա կալանավորման ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի 1-ը: Հետագայում՝ գործի նախաքննության ընթացքում, Աբրահամյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Մանրամասները՝ սկազբնաղբյուր կայքում: