Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը կարևորել են մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին:

Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Հայաստանի համար ԱԶԲ հետ ձևավորված համագործակցությունը, ինչպես նաև ընդգծել 2019-2023թթ. համատեղ գործունեության ռազմավարության կարևորությունը: Օգտվելով հանդիպման առիթից՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին Քովիդի դեմ պայքարի ընթացքում Հայաստանին աջակցելու համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ենթակառուցվածքների, էներգետիկայի և կրթության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերը:

Երկուստեք կարևորվել են մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Այդ համատեքստում Մհեր Գրիգորյանը շեշտել է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման և բիզնես գործունեության թափանցիկության բարձրացման տեսանկյունից ԱԶԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:

Փոխվարչապետն ու ԱԶԲ փոխնախագահը մտքեր են փոխանակել Հայաստանում թվայնացման և հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումների արդյունքում առկա մարտահրավերներին: