Անհագստացնող են միջազգային մասնագիտացված կառույցների կողմից զեկույցները հայ ռազմագերիների պահման անմարդկային պայմանների մասին․ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարին
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 10-ին հանդիպել է ԵԽ գլխավոր
քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին: Կողմերը խոսել են նախորդ հանդիպմանը բարձրաձայնված որոշ հարցերի լուծման
ընթացքի մասին: Մասնավորապես, քննարկման առանցքում է եղել ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի 2019-2022 թթ.
իրականացումը:

ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ այն հաջողությամբ է իրագործվում՝ գոհունակությամբ հիշեցնելով, որ նման գնահատական է տվել
նաեւ ԵԽ քարտուղարությունը 2022 թ. մարտի 2-ին Երեւանում կայացած ԵԽ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի
նիստին: Կողմերը խոսել են Գործողությունների ծրագրի անհրաժեշտ շարունակականության մասին: Ալեն Սիմոնյանն առանձնացրել է
մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող համատեղ օրակարգային
առաջնահերթությունները՝ բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի առանցքային աջակցությունը՝ իր ինստիտուտներով եւ
մոնիթորինգային մեխանիզմներով: Անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին
ԵԽԽՎ բանաձեւին, որով Վեհաժողովը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացման գործընթացում Հայաստանի
առաջընթացը:

Հանդիպման օրակարգային հարցերից են եղել 2020 թ. Արցախի դեմ ագրեսիայի հետեւանքով մինչ օրս առկա, չլուծված հումանիտար
խնդիրները, այդ թվում՝ հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձի հարցը: Ալեն Սիմոնյանն արձանագրել է, որ Մարիա
Պեյչինովիչ-Բուրիչի հետ նախորդ հանդիպումից ի վեր մեծ չէ առաջընթացը ռազմագերիների վերադարձի հարցում, եւ
անհագստացնող են միջազգային մասնագիտացված կառույցների կողմից զեկույցները հայ ռազմագերիների պահման անմարդկային
պայմանների ու այդ մարդկանց հիմնարար իրավունքների կոպտագույն խախտման մասին: Նա շնորհակալություն է հայտնել ԵԽ
գլխավոր քարտուղարին այս խնդիրներին բազմակի անդրադարձի համար՝ կարեւորելով տիկնոջ աջակցությունը Մինսկի խմբի
համանախագահների միջնորդական ջանքերին:

Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ընդգծել է Մինսկի խմբի համանախագահության
նշանակությունը եւ կարեւորությունը: