«Պատասխան են տալու»․ Մարտի 1-ի զոհերի հարազատները չեն դադարեցնելու արդարության համար պայքարը
Մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանը  Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող և անվավեր։
Նշենք, որ  300.1 հոդվածով մեղադրանք է առաջադրված Ռոբերտ Քոչարյանին՝ սահմանադրական կարգի տապալման համար։
ՍԴ որոշման վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Մարտի 1-ի զոհերի հարազատներից Ջեմմա Վարդումյանի և Էդիկ Հարությունյանի հետ։ 
2008-ի մարտի 1-ին Երևանի կենտրոնում զոհված Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդումյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ առավոտյան լսելով իրենց շահերի պաշտպան Տիգրան Եգորյանին՝ ինքը հասկացել է հետևյալը․
«Նիկոլ Փաշինյանը չի ուզում նոր ճակատամարտ լինի, և Մարտի 1-ի դատավարությունը ընտրություններից հետո նոր տեմպ պետք է ստանա։ Ես սահմանադրագետ չեմ, բայց տրամաբանորեն ասում եմ՝ մարդիկ կան, որ մոռանում են, որ էս ժողովուրդը առաջվա ժողովուրդը չի։ Էն նախորդները, որ կիսատ են թողել, հիմա ընտրությունները կլինեն, եթե հօգուտ Նիկոլ Փաշինյանի լինի, էն ժամանակ արդեն կխստացնի, Մարտի 1-ի դատավարությունը նորմալ անց կկենա, Աստված տա անցնի»,-ասաց Ջեմմա Վարդումյանը։  
Վերջինս  նաև նշեց, որ Մարտի 1-ի վաղվա դատավարությունն իրեն կկողմնորոշի և ինքը էկրանից նայելով  դատավոր Աննա Դաննիբեկյանին՝ երկրորդ նախադասությունից հետո կհասկանա, թե դատավորը կվարվի հօգուտ մեղադրյալների  փաստաբանների, թե «էս վերջին դատի նման «կոշտ բռունցքը սեղանին կտա»։ Ջեմմա Վարդումյանը վերահաստատեց, որ ինքը պայքարը չի դադարեցնելու, միչև չհասնի արդարության։
 
Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը նույնպես ասաց, որ ինքը մինչև վերջ պայքարելու է՝ արդարության հասնելու համար։
«Դատերին մենք ընդամենը դատական շոու ենք նայում, ուրիշ ոչինչ։ Էնտեղ դատ ասվածը գոյություն չունի, որովհետև այդ ամբողջ ընթացքում մենք միայն տեսել ենք  ինքնաբացարկների միջնորդություններ՝ վերից վար նույն տեքստերով,  իրար փոխանցված, և ուրիշ ոչինչ։ Իրենք ամեն ինչ արեցին, ձգձգեցին, մարդիկ հավաքագրեցին, ուղարկեցին, ինչ արեցին, ոնց արեցին և չգիտեմ, թե  իրենք էս ամենի միջից ինչ ձևով դուրս կգան, բայց իրենք պիտի պատասխան տան։ Չեմ դադարեցնելու պայքարը»,-ասաց Էդիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ մարդկանց գիտեն, որոնք ինչ-ինչ պատճառներով՝ գումարների համար, գնում են մեղադրյալներին պաշտպանելու։ Իսկ այն, որ մեղադրյալներին փորձում են արդարացնել՝ ասելով, թե «դատում են մարդկանց, որոնք հաղթանակ են տարել», Էդիկ Հարությունյանն ասաց, որ արցախյան 1-ին պատերազմի տարած  հաղթանակը վերագրել մի քանի մարդու շատ սխալ է համարում։
«Նրանք մի բան չեն հիշում, որ արցախյան 1-ին պատերազմի ժամանակ  մեր քաջ տղաները ֆիդայական ջոկատներ են կազմել և նրանք ֆիդային բառը երևի մոռացել են, որովհետև էդ ֆիդային բառից դողացել են, թե՛ արտաքին, թե՛ ներքին թշնամիները։ Իսկ ի՞նչ արեց Ռոբերտ Քոչարյանը էդ լավ կռվող տղերքի հետ, նրանց ստիպողաբար հեռացրեցին Հայաստանից, կեսին դատեցին, մի քանիսն էլ անցան նրանց թրի տակով։ Ես ինքս էլ Հատուկ գնդում կռվել եմ ու գիտեմ, որ շատերին մի պատրոնի համար, մի սվին դանակի համար բռնեցին ու դատեցին՝ 2000 թվից սկսած»,-ասաց Էդիկ Հարությունյանը։
 
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ մտնում են դատաքննության փուլ, ինչից հետո մեղադրյալների փաստաբանները լքեցին դատական նիստերի դահլիճը։ Եվ այդ նիստից 3 օր անց ՍԴ-ն կայացրեց աղմկահարույց որոշումը։ Այսօր ՍԴ-ն պետք է հրապարակի այդ օրը կայացրած որոշումը։ 
  Լիլիթ Թադևոսյան