«Վենետիկի հանձնաժողովի մանդատի մեջ նման հարցերի քննարկում չի մտնում». Վլադիմիր Վարդանյանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի դիմումի մասին
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել արդարադատության նախարարության կողմից։

Պատճառը Ազարյանի՝ վերջերս միջազգային կառույցներին, օրինակ՝ Վենետիկի հանձնաժողովին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին, ԱՄՆ պետական դեպարտամենտին և այլ կառույցների դիմելն է, որում Ազարյանը պնդել է, թե բարձրաստիճան պաշտոնատար անձինք դատավորներին hրապարակայնորեն սպառնացել են, և գնահատականներ է հնչեցրել մի շարք դատական գործերի, այդ թվում՝ լիազորությունները կասեցված դատավոր Բախշիյանի գործի վերաբերյալ, ինչը արդարադատության նախարարությունը դիտել է որպես վարքագծի կանոնի խախտում։

Civic.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը չմեկնաբանեց տեղեկությունը՝ հղում անելով ՀՀ դատական օրենսգրքի 147-րդ հոդվածին, ըստ որի՝ վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի  գաղտնիությունը: «Հետևաբար նման տեղեկություն տրամադրելը հակասում է օրենքի պահանջներին»,- ասաց նա։

Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մեզ հետ զրույցում, մեկնաբանելով Ազարյանի դիմումը, նշեց, որ Վենետիկի հանձնաժողովում այդ հարցը քննարկման առարկա չի կարող դառնալ։

«Վենետիկի հանձնաժողովի մանդատի մեջ նման հարցերի քննարկում չի մտնում։ Վենետիկի հանձնաժողով կարող են դիմել միայն և միայն համապատասխան սուբյեկտները։ Հանձնաժողովը աշխատում է պետության հետ։ Ազարյանի նամակը, որը ուղղված է եղել Վենետիկի հանձնաժողովի նախագահին և քարտուղարությանը, երևի թե հասել է որպես տեղեկատվություն։ Հանձնաժողովի նախագահը օրեր առաջ եղել է Հայաստանում և հնարավորություն է ունեցել մեկնաբանելու հարցը, եթե իհարկե այդ հարցը հետաքրքրել է վերջինիս»,- նշեց Վարդանյանը։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանը «Մարտի 1»-ի գործերով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորն է։ 2008-ի մարտի մեկից հետո նույն Ազարյանի արձակած դատական ակտերի պատճառով Հայաստանը քաղբանտարկյալներ է ունեցել: Մասնավորապես, Արամ Բարեղամյանը ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով՝ պատիժները մասնակի գումարելու միջոցով, ազատազրկվել է 6 տարի ժամկետով, Ֆելիքս Գևորգյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 7 տարվա ազատազրկում, Արա Սմբատի Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 9 տարվա ազատազրկում և այլն: Ավելին, 2021-ի սեպտեմբերի 6-ին Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատախազը հանդես է եկել հայտարարությամբ՝ հրաժարվելով 2008թ. մարտի մեկի գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ինքն էր ՀՀ վճռաբեկ դատարանին դիմել Ա. Բարեղամյանի վերաբերյալ արդարացման որոշում կայացնելու համար, դատարանի կողմից կայացվել է արդարացման դատական ակտ:

Ադյան Գեղամ