Վաչագան Ղազարյանը գումարը մուծեց,որ համաներում կիրառվի, որովհետև հոգնել էր անիմաստ քրեական գործերից․ փաստաբան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է` համաներման հիմքով: Civic.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Վաչագան Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանը և նշեց, որ երբ մեղադրանք էր առաջադրվել Վաչագան Ղազարյանին, նա թեպետ մեղադրանքը չէր ընդունում, բայց որոշեց ամբողջությամբ փոխհատուցի ըստ մեղադրանքի պետությանը պատճառած վնասը:
«Վաչագան Ղազարյանը գումարը մուծեց, որպեսզի համաներում կիրառվի, որովհետև հոգնել էր անիմաստ քրեական գործերից: Գումարը վճարելը նախապայման է հանդիսացել, որ այդ հոդվածով համաներում կիրառվի»,-հավելեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը մեղադրվում էր ՔՕ 308 հոդվածի 2-րդ մասով: Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության` 2008-2018 թվականներին Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը, զբաղեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Ըստ մեղադրանքի` Վ. Ղազարյանը, պետական միջոցները սեփական ընտանիքի շահերին ծառայեցնելու և այդ ուղղությամբ սեփական միջոցներից լրացուցիչ ծախս չկատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսության վարորդ Ս. Ա.-ին առաջարկել է, պետական միջոցներից վարձատրություն ստանալով հանդերձ, աշխատել որպես իր կնոջ և տան վարորդ:
Ս. Ա.-ն 2015-2018 թվականների ընթացքում վարորդի ծառայություններ է մատուցել Վ. Ղազարյանի կնոջը, ինչով պայմանավորված՝ հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսությունում առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական որևէ պարտականություն չի կատարել: Չնայած դրան` Պետական պահպանության ծառայությանը հատկացված միջոցներից այդ ընթացքում Ս. Ա.-ին որպես աշխատավարձ, պարգևատրում և իրային բավարարում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 9.340.677 ՀՀ դրամ, որը Վ. Ղազարյանի կողմից ամբողջությամբ վերականգնվել է: