«Վիտալի Բալասանյանի ընտանիքից ոչ մեկն էլ պատերազմին չի մասնակցել, ես իր գերդաստանից մեկին չգիտեմ, որ գնացել է կռվի»․ Տիգրան Պետրոսյան
 
Civic.am-ը զրուցել է Արցախի «Վաղվա Արցախ» կուսակցության  նախագահ Տիգրան Պետրոսյանի հետ։
 
 
-Տիգրան, ինչպե՞ս եք գնահատում հետպատերազմական շրջանում Արցախում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, օրինակ, Վիտալի Բալասանյանի, ըստ էության, իշխանության գալը։ Նրա գործողությունները հեղաշրջման տարրեր պարունակու՞մ էին։

-Իմ կարծիքով\' չեն պարունակում։ Այստեղ, ինչպես Հայաստանում, փորձում են երկու բևեռ ստեղծել, բայց տարբերությունն այն է, որ Վիտալի Բալասանյանը իր քաղաքական կյանքի ընթացքում մի քանի անգամ ընդդիմություն եղավ, իշխանություն եղավ․․․ Ընտրություններից առաջ ինքը քարոզարշավի ժամանակ, այսպես ասած, կոշտ ընդդիմություն էր, իսկ այս պահին ինքը փաստորեն գնաց համագործակցության իշխանության հետ։

-Դա, ըստ էության, կոալիցիա՞ է՝ Ձեր կարծիքով։

-Կարելի է ասել՝ այո, թեև իրենք նշում են, որ դա համագործակցություն չէ, բայց մենք տեսանք թե՛ Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, թե՛ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե ստեղծված իրավիճակում երկուսն էլ փորձում են երկիրը հանել ստեղծված իրավիճակից։ Այսինքն, ինչքան էլ իրենք փորձեն ուրիշ ձև ներկայացնել՝ դա համագործակցություն է։

-Դուք պահանջում եք, որ Արցախում, Հայաստանի օրինակով պետք է անցկացնել արտահերթ ընտրություններ։ Նոր ընտրությունների արդյունքներով հնարավորություն տեսնու՞մ եք, որ նոր ուժեր կարողանան գալ իշխանության։ Կա՞ն այդպիսի նոր ուժեր Արցախում։

-Իմ կարծիքով՝ շատ հնարավոր է նման բան, բայց կա մի նյուանս։ Անհրաժեշտություն կա փոխելու թե՛ Ընտրական օրենսգիրքը, թե՛ Կուսակցությունների մասին օրենքը։ Դրա խիստ անհրաժեշտությունը կա, որի վառ օրինակը եղել են 2020 թվականին անցկացված ընտրությունները, որի ժամանակ մենք տեսանք, թե այդ օրենքների թերի լինելու պատճառով ինչպիսի գործարքներ տեղի ունեցան։

-Օրենքների մեջ կոնկրետ ո՞րն է խնդիրը։

-Խնդիրն այն է, որ այստեղ կան այսպես կոչված կուսակցություններ, որոնք իրականում կուսակցություններ չեն։ Կեսից ավելին պետք է լուծարվեն, իսկ որոշ կուսակցություններ ոչ թե կուսակցություններ են, այլ  բիզնես ակումբներ։ Իմիջիայլոց, հենց «Ազատ Հայրենիքը», որը ամենաշատ ձայներն է հավաքել, իրենից կուսակցություն չի ներկայացնում։ Այն բիզնես ակումբ է։ 

-Նկատի ունեք արտահերթ թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանակա՞ն ընտրություններ։

-Իհարկե։ Ես պնդում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, պատերազմից հետո այլ իրականություն է հաստատվել, և իշխանությունը թե՛ հայաստանում, թե՛ Արցախում այն լեգիտիմությունը չունի, ինչ մինչև պատերազմը։ Ես կարող եմ հստակ ասել, որ Հայաստանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ամեն կերպ լոբբինգ է արել այստեղ Արայիկ Հարությունյանին, որն Արցախում դիտվում է որպես կոռուպցիայի արքա, և այդ լոբբինգը օգնեց Արայիկ Հարությույանին հասնել այդ աթոռին, որովհետև մինչ ընտրությունները անօրինակություններ էր կատարվում, որի վրա փակում էին աչքերը Հայաստանի Հանրապետությունից։

-Բայց Մասիս Մայիլյանը, ով Արայիկ Հարությունյանի հիմնական մրցակիցն էր, ընտրություններից հետո ոչ միայն չվիճարկեց ընտրությունների արդյունքները, այլև համագործակցեց Արայիկ Հարությույանի հետ և պաշտոն ստանձնեց վերջինիս կաբինետում։

-Գիտեմ, ես ինքս եղել եմ դաշինքում, որը աջակցում էր Մասիս Մայիլյանին։ Եթե հիշում եք, Մայլիյանը ի սկզբանե մեզ հետ էր։ Դաշինքը կոչվում էր «Մայիլյան նոր Արցախ»։ Ինքը ինձ խնդրեց, որ այդ դաշինքը ստեղծենք, որովհետև ես դեմ էի այդ դաշինքին, ուղղակի, կարելի է ասել, ինքը ինձ համոզեց, որ պետական, հանրային շահից ելնելով պետք է համախմբվել, բայց վերջին օրը նա դուրս եկավ դաշինքից, հանեց իր անունը դաշինքի անունից և առանձին դրեց իր թեկնածությունը այն պատճառով, որ Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիքը» ևս հայտարարեց աջակցելու մասին և այդ նախապայմանները դրել էր հենց Սամվել Բաբայանը։Մասիս Մայլիյանը, կարելի է ասել մեզնից «յան տվեց»։ Ընտրություններից հետո՝ ապրիլի 2-ին, նրան կանչեց Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ՝ ի՞նչ խոսակցություն է եղել, բայց Մասիս Մայիլյանը Երևանից վերադառնալուց հետո լրիվ այլ մարդ էր։ Այսինքն նա հրաժարվեց պայքարից։

-Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով պարզ է, որ նոր ձևավորվող Խորհրդարանում կարող են լինել այլ ուժեր, այլ համամասնություններ, իսկ նախագահական ընտրությունների դեպքում ընդդիմադիր դաշտում կա՞ այնպիսի ուժ, անհատ, որ կկարողանա հաղթել ընտրություններում և ստանձնել նախագահի պաշտոնը։ Սրանով շանս չի՞ տրվում Վիտալի Բալասանյանին ստանձնել նախագահի պաշտոնը։

-Ոչ։ ՎիտալիԲալասանյանը ընդհանրապես շանս չունի այստեղ ընտրվելու, որովհետև, նախ Վիտալի Բալասանյանը իր ամբողջ քարոզարշավը Քոչարյանի ֆինանսներով էր անցկացնում, դա բոլորը գիտեն։ Հայտնի է թե ինքը ինչքան ձայն էր հավաքել, իսկ այստեղ մեծ գումարներ էր պտտվում, նաև պատերազմի ընթացքում իր պահվածք բոլորը գիտեն, գիտեն իրենց ընտանիքը, իր տղան ինչով էին զբաղված։

-Ինչո՞վ էին զբաղված։

-Ոչնչով էլ չէին զբաղված։ Ոչ մեկն էլ պատերազմին չեն մասնակցել։ Ես իր գերդաստանից մեկը չգիտեմ, որ մասնակցել է պատերազմին։ Այսինքն, սա փոքր պետություն է, բոլորն էլ գիտեն՝ ի՞նչ կա, ինչ չկա և չեն կարողանալու մոլորության մատնել մեր ժողովրդին։ Կոնկրետ մենք, մեր կուսակցությունը, ինչ կա ուղիղ ասելու ենք, որովհետև կորցնելու բան չունենք, առանց այն էլ երկրից մի փոքր հատված է մնացել։ Եթե հանդուրժենք նման անբարոյականներին, վերջնականապես կկորցնենք Արցախը։ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Վիտալի Բալասանյանը քաղաքականությունից դուրս մնա։

-Իսկ, ըստ Ձեզ, ո՞վ կհավակնի նախագահի պաշտոնին։

-Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ինքը չի առաջադրվելու, իսկ այս պահին, շատ ընդդիմադիր գործիչների դիմակները պատռվեց՝ նույն Բադասյանը, նույն Խանումյանը և այլն, և այլն։ Երկու ընդդիմադիր կուսակցություն է մնացել, որ իր ընդդիմադիր կեցվածքը պահել է։ Մեկը մեր կուսակցությունն է՝ «Վաղվա Արցախը» և «Արցախի Հեղափոխական կուսակցությունը», մնացած բոլորը, կարելի է ասել, կեղծ ընդդիմադիրներ են։ Ինչ վերաբերում է անձերին, ապա կախված է նրանից, թե ովքե՞ր են առաջադրվելու։ Օրինակ\' 2020 թվականին ինձ էլ են առաջարկել առաջադրվել, ես հրաժարվել եմ, որովհետև գտել եմ, որ ավելի կոմպետենտ մարդ կա առաջադրվող և պետք է գնանք նրան օգնենք՝ Մասիս Մայիլյանին նկատի ունեմ։ Ցավոք սրտի, չարադարացրեց իրեն։ Հիմա, կոնկրետ ես չեմ ուզում առաջադրվել, բայց եթե տեսնեմ առաջադրվողներից նորմալ մարդ չկա և երկիրը կարող է շատ ավելի ծանր վիճակում հայտնվի, ապա կարող է  ես էլ առաջադրվեմ։

-Տիգրան, Ձեր ֆեյսբուքյան էջում մի հրապարակում էիք արել, որում նշել էիք, որ Արցախում պաշտոնի են նշանակվում պատերազմին չմասնակցած, այս կամ այն կերպ «թռած» անձիք։ Ու՞մ նկատի ունեիք։

-Ես անուններ չեմ տալու։ Իրենք շատ լավ գիտեն՝ ում մասին է խոսքը։ Դա մեսիջ էր Արայիկ Հարությունյանին և այդ պաշտոններին գնացած մարդկանց։ Ժամանակը կգա և ընտրությունների ժամանակ, եթե այդ փախած մարդիկ փորձեն գլուխ բարձրացնել, խոսել, այ այդ ժամանակ անուններով հստակ հնչեցնելու եմ։ Հիմա իմաստ չեմ տեսնում։ Դա բոլորն էլ գիտեն։ Սա փոքր տեղ է, ժողովուրդը ամեն ինչն էլ շատ լավ գիտի։ 
 
Վովա Հակոբյան