ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ եթե իրավունքի խախտումը չվերացվի Հայաստանում, ապա նրանք կդիմեն ՄԻԵԴ:
«Ես միշտ լավատես եմ ու մարդու իրավունքների խախտումների վերացումները տեսնում եմ հայկական դատական ատյանների շրջանակներում։ Այդ մի փոքր մասը, որ այստեղ չի վերանում, պետք է վերացվի Եվրոպական դատարանում», - լրագրողներին ասաց Օրբելյանը:
Ըստ նրա, վարչապետը, որը գտնում է, որ կարող է դատարանի որոշումը չկատարել ու խնդրել դատարանին, որ փոխի որոշումը, պետք է ենթարկվի քաղաքական պատասխանատվության։
«Ինձ հայտնի բոլոր զարգացած երկրներում նման մոտեցումը ակնհայտորեն կբերեր քաղաքական հետևանքների, քրեադատավարական հետևանքները նույնպես պետք է վրա հասնեն, որովհետև դատարանի որոշումը չկայացնելը համարվում է հանցագործություն», - նշեց Օրբելյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ,
բավարարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
Օնիկ Գասպարյանը դիմում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն. նա պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ՝ ՀՀ ՔՕ 308 հոդվածի 2-րդ կետով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։