«Գլխավոր դատախազը «Մարտի 1-ի» դատաքննության փուլում իրավունք չուներ դիմել Սահմանադրական դատարան»․ սահմանադրագետ
Գլխավոր դատախազը դատական քննության փուլում իրավունք չուներ դիմել Սահմանադրական դատարան։ Այս համոզման է սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

Civic.am-ի հետ զրույցում սահմանադրագետն ասաց, թե այդ իրավունքն ուներ միայն դատարանը՝ վարույթը կասեցնելուց հետո։  

Նշենք, որ այսօր պարզ դարձավ, որ գլխավոր դատախազը երեկ՝ ապրիլի 1-ին, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դիմել է Սահմանադրական դատարան։

Նա դիմումով վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 309․1-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխանությունն այնքանով, որքանով դրանք, անձին մեղսագրվող կոնկրետ արարքի իրավաբանական որակման առնչությամբ վարույթը բացառող հանգամանք ի հայտ գալուց անմիջապես հետո, դատախազի (մեղադրողի) համար առաջացնում են մեղադրանքից հրաժարվելու, իսկ դատարանի համար՝ քրեական հետապնդումը դադարեցնելու պարտականություն՝ հնարավորություն չտալով որևէ դատավարական գործողություն կատարել և ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխել ու վերաորակել նրա արարքը։

Սահմանադրագետ Վարդան Այվազյանի խոսքով՝ դատախազը դիմել է Սահմանադրական դատարան, որպեսզի հակասահմանադրական ճանաչվի Քոչարյանի գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելուն պարտավորեցնող հոդվածը։ Բայց, ըստ սահմանադրագետի, այն հակասահմանադրական չէ, քանի որ, եթե Դատախազությունը գտնում էր, որ այդ հոդվածները հակասահմանադրական են, ապա այն ժամանակ պետք է դիմեր Սահմանադրական դատարան։ Իսկ 300.1 հոդվածով, որը ճանաչվել է հակասահմանադրական, տուժողների շրջանակ չկա։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել 300.1 հոդվածը, որով մեղադրանք է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին։ Մեղադրող կողմը նախորդ դատական նիստին չէր ներկայացել և խնդրել էր դատարանին հետաձգել դատական նիստը, որպեսզի կարողանա ծավալուն միջնորդությամբ հանդես գալ։
 
Վովա Հակոբյան