Նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքի գործով ՀՀ վարչական դատարանը մերժել է վարչապետի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովումը վերացնելու վերաբերյալ։ Նշենք, որ դատարանը միջնորդությունը քննել էր ապրիլի 2-ին։
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցի ապահովման դատավարական ինստիտուտի օրենսդրական կարգավորման հիմքում ընկած է գործնականում հայցվորի իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակը։ «Վերոգրյալի հիման վրա դատարանը գտնում է, որ պարտավորեցման, գործողության կատարման և ճանաչման հայցերի դեպքում դատավարության մասնակցին իրավունք է վերապահված ներկայացնել հայցի ապահովման վերաբերյալ միջնորդություն, որը ՀՀ վարչական դատարանի կողմից ենթակա է բավարարման, եթե հայցի ապահովում չկիրառելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, ինչը միտված է գործնականում հայցվորի իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելուն»,-գրված է որոշման մեջ:
«Այլ կերպ ասած, հայցի ապահովման միջոցի կիրառումը չի կարող լինել ինքնանպատակ, և որպեսզի ՀՀ վարչական դատարանը բավարարի հայցվորի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը, միջնորդությամբ և դրան կից ներկայացրած ապացույցներով, կամ գործում առկա այլ ապացույցներով պետք է հիմնավորվի, որ հայցի ապահովման միջոց չկիրառելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել հետագայում ընդունվելիք դատական ակտի կատարումը, այսինքն՝ հայցի ապահովում չկիրառելու անմիջական հետևանքը պետք է լինի հետագայում ընդունվելիք դատական ակտի կատարման անհնարին դառնալու կամ դժվարանալու հնարավորությունը»: