«Չի բացառվում նոր անունների առկայությունը «Իմ քայլի» ցուցակում»․ Լիլիթ Մակունց
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԸՕ-ի մյուս դրույթների փոփոխմանը, ասաց․ «Երբ կունենանք Վենետիկը հանձնաժողովի պաշտոնական դիտարկումը՝ այդ ժամանակ կքննարկենք, թե որ դրույթները կընդունվեն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար եւ որ դրույթները կհետաձգվեն»։ 

Մակունցի խոսքով՝ պետք է հաշվի առնել, թե որքանով է իրատեսական այդ փոփոխությունները իրականացնել ԿԸՀ-ի կողմից, որովհետեւ միտում չկա բարդացնել գործընթացը եւ եթե կլինեն դրույթներ, որոնք պրոցեսը կհեշտացնեն՝ ապա կընդունվեն դրանք։ 

«Բոլոր դրույթները խորհրդարանում քննարկելի են մեր գործընկերների հետ։ Եթե կլինի դրույթ, որ իրենք կգտնեն, որ հենց այս պահին պետք է իրականացնել՝ մենք խնդիր չենք տեսնում։ Մենք փորձել ենք այնքան խորհրդակցություններ անցկացնել, որպեսզի հանգենք ընդհանուր եզրահանգման՝ առնվազն մեկ դրույթի շուրջ՝ համամասնական ընտրակարգի շուրջ», - ԸՕ-ի անցողիկ շեմը նվազեցնելու վերաբերյալ ասաց Մակունցը։

Մակունցը նշեց, որ նոր ԸՕ-ի շուրջ  քննարկում են ունեցել ԿԸՀ նախագահի հետ, ով իր դիտարկումները ներկարացրել է ոչ միայն փաթեթում փոփոխություններ կատարելու առնչությամբ, այլեւ ներկարացրել է մոտեցումներ, թե որոնք կարող են ժամանակի առումով խնդիր հանդիսանալ հենց ԿԸՀ-ի համար։ «ԸՕ-ի բոլոր դրույթները մեզ համար ընդունման ենթակա են, որոնց շուրջ կլինի կոնսենսուս՝ մենք խնդիր չենք տեսնում», - ասաց նա։

Անդրադառնալով «Իմ քայլի» ցուցակին, Լիլիթ Մակունցը ասաց, որ ակնհայտ է, թե ով է լինելու իրենց ընտրական ցուցակի առաջին համարը:  «Վերջնական որոշումը կայացնելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Անդրադառնալու ենք այդ ժամանակ, նաև մեխանիզմը կմշակենք, թե ինչ սկզբունքով է ձևավորվելու ցանկը: Չի բացառվում նաև նոր անունների առկայությունը ցուցակում։»