Ընտրությունների կեղծման մասին հիմնականում խոսում են այն մարդիկ և այն ուժերը, որոնք այլ կերպ ընտրություն չեն պատկերացնում. Արփի Դավոյան
Civic.am-ի այսօրվա հյուրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն է։

«Իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկի կողմից չի եղել որևէ հայտարարություն՝ Թուրքիայի հետ բարեկամանալու, եղբայրական հարաբերություններ ձևավորելու մասին։ Դա համացանցով տարածվող հերթական տեղեկատվական մանիպուլյացիան է»,-զրույցի սկզբում նշեց պատգամավորը:

Ըստ Դավոյանի, սոցցանցերով տարածվող մանիպուլյացիոն լուրերը չեն կարող հենց այնպես տարածվել և դրանք հստակ ուղղորդվում են որոշ հայտնի շրջանակների կողմից։

Անդրադառնալով իրենց ուժի նախընտրական ցուցակին, Դավոյանը նշեց, որ այն դեռևս չի քննարկվել և մամուլով շրջանառվող ցանկացած տեղեկություն, այդ մասով, սուտ է և իրականության հետ որևէ կապ չունի. «Այս պահին որևէ ցուցակ գոյություն չունի»:

Ընտրությունների հնարավոր կեղծման, քաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին Դավոյանը նշեց, որ որոշ ուժեր արդեն այսօրվանից հող են նախապատրաստում հետընտրական զարգացումների համար։

«Ընտրությունների կեղծման մասին հիմնականում խոսում են այն մարդիկ և այն ուժերը, որոնք այլ կերպ ընտրություն չեն պատկերացնում։ Որովհետև իրենք այդպես կանեին, որովհետև իրենք այդպես արել են։ Դրա համար մարդիկ ուրիշ կերպ չեն պատկերացնում։ Իրենք պրոեկտում են իրենց երազանքները, իրենց ցանկությունները մեզ վրա, և մենք ևս մեկ անգամ պետք է հիասթափեցնենք այդ մարդկանց՝ մենք հավատարիմ ենք մնալու մեր խոստմանը, և դա մեր սկզբունքն է, և այդ սկզբունքը մեզ համար կարմիր գիծ է՝ մեր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ չեն կեղծվել և չեն կեղծվելու, և մենք ունենք դրա բազմաթիվ օրինակներ», - ասաց Արփի Դավոյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում: