Հրայր Թովմասյանը 2009-ին կողմ էր սահմանադրական կարգի տապալման օրինագծին, հիմա ինքը ևս դա ճանաչեց հակասահմանադրական. Գևորգ Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 
«Սահմանադրական դատարանի համար մենք ընտրել ենք մարդկանց, որոնք ոչ թե մեզ ծանոթ, բարեկամ կամ մեր գաղափարակից են, այլ նրանց, որոնք այդ ոլորտում ունեցել են փորձ։ Մենք չենք փորձել իշխանությունից կախված դատարան ունենալ և հիմա էլ չունենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադառնալով Սահմանադրական դատարանի կազմում գործող իշխանության կողմից ընտրված երեք դատավորների հարցին և Ռոբերտ Քոչարյանի գործով՝ ՔՕ 300․1 հոդվածը հակասահամանադրական ճանաչելու փաստին։ 
Նա նաև ընդգծեց, որ մամուլի հրապարակումներից տեղեկացել է, որ Հրայր Թովմասյանը կողմ է քվեարկել, որ այդ նախագիծը ճանաչվի հակասահամանադրական և մեկնաբանեց․ «Այսինքն իրենք ընդունել են օրենքը, հետո իրենք ճանաչել են հակասահամանադրական»։ 
Գևորգ Պապոյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ դատարանները գործող իշխանությունից անկախ են, իսկ այլ անձանցից անկախ են, թե ոչ՝ նշեց, որ դա արդեն այլ հարց է․ «Մենք պետք է դատարանների անկախությունը հասցնենք 100 տոկոսի, որպեսզի որևէ մեկը որևէ ազդեցություն չկարողանա ունենա։ Մեր հասարակությունը շարունակում է ունենալ դժգոհություն մեր դատական համակարգից, մենք այստեղ ունեցել ենք որոշակի բացթողումներ և այդ մասով մեր հանդիպումների ժամանակ ներողություն ենք խնդրում ժողովրդից, որ որոշ խոստումներ չենք կարողացել իրականացնել»։ 
Պատգամավորի խոսքով՝ նոր ընտրություններին գնում են նաև այն պատճառով, որ ստանան վստահության քվե և կարողանան չհասցրած խոստումները կատարել․ «Մեկ այլ բան է, թե դու ինչ ես խոստացել հինգ տարվա համար, մեկ այլ բան է թե դու ինչ ես կարողանում անել երկու տարվա մեջ, և երկրոդ՝ դրան գումարվել է պատերազմ, համավարակ։ Երբ չկար համավարակը մենք կարողացանք 560․000 թոշակառուի թոշակը և նպաստառուների նպաստն ավելացնենք, հարյուր հազարավոր մարդկանց աշխատավարձը ավելացնենք, և ընդհանրապես 2019թ․ 1մլն մարդու եկամուտը մենք կարողացանք ավելացնել 2019թ․ ընթացքում և պլանավորում էինք դա շարունակական դարձնել, սակայն կորոնավիրուսը մեզ խանգարեց»։

«Այն, հանգամանքը, որ դատարանները հարյուր տոկոսով անկախ են իշխանությունից, դա արդեն իսկ ձեռքբերում է, և հաջորդ քայլի անցնելու նախապայման»,- -այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադառնալով այն հարցին՝ ինչու հասարակությունը պետք է իրենց քվե տա։ 
Նա հավելեց, որ այսօր չկան անպատժելի պետական պաշտոնյաներ և կոտրվել է այն ընկալումը, որ պետական պաշտոնը թալանելու, արագ հարստանալու միջոց է․ «Այսօր մարդիկ տեսնում են, որ չկա այն մոտեցումը, որ իշխանությունը ժողովրդից կտրված է և անպատժելի է։ Մենք հսկայական փոփոխություններ ենք իրականացրել, որը բարդ պրոցես է, բայց միայն իրավական դաշտով չենք սահմանափակվում, ընդհանրապես արդարադատության մշակույթը պետք է լայն փոփոխությունների ենթարկվի։ Այս ոլորտում մեր հսկայական քայլերը կիսատ են մնացել»։