50 հազար դրամ տուգանք՝ կառավարություն ներխուժելու փորձի, ոստիկաններին վիրավորելու ու պետգույքը փչացնելու համար
Կառավարության շենքի առաջ երեկվա բողոքի ակցիայի արդյունքում ոստիկանություն տարված 15 ցուցարարները տուգանվել են 50-հազարական դրամով։ Civic.am-ին ՀՀ ոստիկանությունից փոխանցեցին, որ տեղամաս տեղափոխված քաղաքացիների  նկատմամբ կազմվել է արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, որն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50.000-ական դրամով։ 

Հիշեցնենք, որ մինչ երեկ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում էր՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ՎԵՏՕ-ի և ՀՓՇ կանայք, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, որոշել էին կառավարության դիմաց պահանջել նրա հրաժարականը՝ փորձելով ներխուժել կառավարության շենք։ Ցուցարար կանայք կարմիր մեխակներ եւ ձվեր էին նետում կառավարության շենքի եւ ոստիկանների վրա, նաև կարմիր ներկ լցրեցին կառավարության դռների ու ոստիկանների վրա։   

Երբ ոստիկանական պատը թույլ չտվեց կանանց իրագործել ծրագրածը, հավաքված կանայք ամենավերջին բառերով վիրավորեցին իրենց առաջ կանգնած ոստիկաններին։ Ի վերջո, ոստիկանները բերման ենթարկեցին նրանց։ 

ՄԻՊ-ը երեկ հայտարարեց, որ վարչական ձերբակալման ենթարկված բոլոր կանայք առանձնազրույցների ընթացքում նշել են, որ բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողներն իրենց որևէ պահանջ չեն ներկայացրել, չեն հայտնել բերման ենթարկելու հիմքերն ու պատճառները: Հիմքերն ու պատճառները չեն ներկայացվել նաև ոստիկանության բաժիններում: Գրեթե բոլորը նշել են, որ ոստիկանության բաժիններում չեն ներկայացվել իրենց նվազագույն իրավունքները: Ըստ ՄԻՊ-ի՝ քաղաքացիները նաև հայտնել են, որ հավաքի ընթացքում ոստիկանության ծառայողների արձագանքն իրենց գործողություններին եղել է անհամաչափ: 
 
Civic.am-ի հարցին ի պատասխան ոստիկանությունից տեղեկացրին, որ  ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու ՄԻՊ-ի հայտարարության և ոստիկանի կողմից լրագրողին հարվածելու լուրի առթիվ, գրանցված բոլոր միջադեպերով ծառայողական քննություն է նշանակվել ոստիկանությունում։