Գլխավոր դատախազությունը բողոք է ուղարկել Վճռաբեկ դատարան՝ «Գագիկ Սողոմոնյան» կեղծ օգտատիրոջ գործով մեղադրյալներ ներգրավված Արա Սաղաթելյանի և Արամ Սարգսյանի նկատմամբ՝ կալանքը որպես խափանման միջոց վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ։
Նշենք, որ «Գագիկ Սողոմոնյան» անվամբ ֆեյսբուքյան կեղծ օգտատերը գործող իշխանությանն ուղղված հերյուրանքներ, վիրավորանքներ ու զրպարտություններ է տարածում արդեն տևական ժամանակ։
Civic.am-ի հետ զրույցում Արա Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը նշեց, որ մեղադրող կողմը Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը մոտ մեկ ամիս առաջ է բողոքարկել է, սակայն Վճռաբեկ դատարանը այն ոչ վարույթ է ընդունել, ոչ էլ հետ է վերադարձրել։ Փաստաբանն ընդգծեց նաև, որ Վճռաբեկ դատարանն ունի եռամսյա ժամկետ՝ բողոքը վարույթ ընդունելու համար։ Իսկ ինչ վերաբերում է հարուցված քրեական գործին՝ Հակոբ Ենոքյանը հավելեց, որ նախաքննությունը շարունակվում է, սակայն իրենց հետ կապված քննչական գործողություններ դեռ չեն իրականացվում։
Քաղաքացի Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանի խոսքով էլ իր պաշտպանյալի վերաբերյալ Վճռաբեկ բողոքը օրեր առաջ է ուղարկվել դատարան, հետևաբար դեռևս վարույթ չի ընդունվել։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քննվող «Գագիկ Սողոմոնյան» անվամբ Ֆեյսբուքում գրանցված կեղծ օգտատիրոջ գործով մեղադրյալներ են ներգրավվել Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը և քաղաքացի Արամ Սարգսյանը։ ԱԱԾ-ն միջնորդել էր դատարանին կալանավորել նրանց, սակայն առաջին ատյանի դատարանը բավարարել էր միայն Արա Սաղաթելյանին և Արամ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունները։
Վերջիններիս պաշտպանները բողոքարկել էին կալանքի մասին դատարանի որոշումը, որը բավարավել էր Վերաքննիչ քրեական դատարանի կողմից և նրանք ազատ էին արձակվել։
Ըստ ԱԱԾ-ի՝ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ, կարողացել է պաշտոնի բերումով հեղինակություն և ազդեցություն ձեռք բերել հակաիշխանական հայացքներ ունեցող այլ անձանց շրջանում և օգտագործելով իր ազդեցությունը, ունեցած կապերը, նպատակ ունենալով կատարելու մի քանի հանցանքներ` ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է գործընկերոջը՝ Կ.Բ-ին, վարորդին՝ Մ.Ա-ին, Ա.Ս-ին և իր հետ ամուր կապերի մեջ գտնվող ինքնությունը չպարզված այլ անձանց, որից հետո իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար, անհրաժեշտ կազմակերպվածությամբ, խմբի անդամների ջանքերի միավորվմամբ, պլանավորել են կատարել մի քանի հանցանքներ, իսկ իրենց գործողությունները քողարկելու, չբացահայտվելու և հանցանքի կատարումը դյուրին դարձնելու համար, խմբի անդամների ջանքերի համաձայնեցվածությամբ www.facebook.com սոցիալական ցանցում ստեղծել են «Gagik Soghomonyan» /facebook.com/profile.php?id=100026804322355/ կեղծ էջ, ապա նախապես մշակված ծրագրի համաձայն՝ ապահովել են հիշյալ համատեղ մշակված կեղծ էջի հասանելիությունը խմբի անդամների համար՝ պլանավորելով նույնիսկ խմբի որևէ անդամի հնարավոր բացահայտման դեպքում խմբի մյուս անդամների կողմից «Gagik Soghomonyan» /facebook.com/profile.php?id=100026804322355/ կեղծ էջով նույն ժամանակ պարբերաբար հրապարակումներ կատարելու և այդ կերպ խմբի մյուս անդամների այլուրեքությունն ապահովելու հանգամանքը:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշման դեմ դատախազության ու տուժողների ներկայացուցիչների բողոքը Վճռաբեկ դատարանը ևս վարույթ ընդունեց եռամսյա ժամկետի ավարտին և ամիսներ շարունակ չգումարեց նիստ՝ այն քննելու համար։
Նարա Մարտիրոսյան