Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել $ 3 մլն կաշառքի գործով դատին․ կասկածում է, որ քովիդով հիվանդ է
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց  Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Նրանք մեղադրվում են  առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, Արմեն Գևրոգյանը նաև  հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Հիշեցնենք, որ երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց 300․1 հոդվածը, առաջին ատյանի դատարանում այդ մասով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը կարճվեց և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։ 

Նիստին Ռոբերտ Քոչարյանը չէր մասնակցում, և նրա պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանն  ունեցել է բժշկական ցուցում, որ հանձնի քովիդ տեստ, թեստը հանձնել է, համապատասխան փաստաթուղթը կա, որ բժշկական ցուցումով է հանձնել՝ ելնելով որոշակի ախտանշաններից։

«Նաև ասեմ, որ իր մերձավոր շրջապատում հաստատված քովիդի դեպք է եղել, և դռնփակ նիստում էլ կասեմ՝ մոտակա շրջապատից ով է քովիդ։ Այս պահի դրությամբ պարոն Քոչարյանը կոնտակտավոր է և ինքը գտնում է, որ  քանի դեռ թեստի բացասական արդյունքը չի եղել, ապա չպիտի  վտանգի ենթարկի որևէ մեկին, այդ թվում՝ այստեղ»,-ասաց Հայկ Ալումյանը։

Վերջինս ասաց, որ դատարանին և կողմերին կարող է տրամադրել այն բժշկական փաստաթուղթը, որից երևում է, որ բժշկական ցուցում է եղել՝ թեստ հանձնելու համար։ Ալումյանն ասաց, որ այս պահին ինտերնետ տարբերակով է  փաստաթութղը ստացել և եթե դատարանը ցանկանում է՝  այն կարող է ներկայացնել թղթային տարբերակով, եթե իրեն տասը րոպե տրամադրեն։ 

Դատարանը տասը րոպեով ընդմիջեց դատական նիստը, որպեսզի Հայկ Ալումյանը ներկայացնի փաստաթուղթը՝ թղթային տարբերակով։ 

Ընդմիջումից հետո ներկայացնելով փաստաթութղը՝ Հայկ Ալումյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը կոնտակտ է ունեցել հաստատված քովիդով հիվանդների հետ, որոնցից մեկը՝ փաստաբան Արա  Վարդևանյանն է, մյուսը՝ Քոչարյանի ամենամերձավոր շրջապատից։ 

«Դրա համար, եթե այսօր պարոն Քոչարյանի թեստի արդյունքները եղան բացասական, ապա 14 օրը լրանում է հաջորդ երեքշաբթի օրը ներառյալ։ Դրանից ելնելով, եթե շատ կարևոր չի, որ հենց հաջորդ երեքշաբթի անպայման նիստը լինի, ես խնդրում եմ և միջնորդում եմ հետաձգել նիստը և նշանակել այն, ոչ թե հաջորդ երեքշաբթի, այդ դրան հաջորդող շաբաթվա երեքշաբթի։ Իսկ եթե թեստի արդյունքները դրական եղան, մենք դրա մասին  դատարանին  անմիջապես կտեղեկացնենք և իր հիվանդության ընթացքից կտեղեկանանք, թե երբ է  ի վիճակի լինելու գալ»,-ասաց Հայկ Ալումյանը։  

Հայտնելով դիրքորոշումը ներկայացված փաստաթղթի վերաբերյալ՝ մեղադրող Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ իրենց ուսումնասիրած փաստաթղթում կոնկրետ նշում չկար, թե ինչ սիմպտոմների հիման վրա է  այդ թեստավորումը եղել, իսկ կոնտակտավորների մասով ոչինչ ասել չի կարող։

«Մենք գտնում ենք, որ նիստը պետք է նշանակվի հաջորդ երեքշաբթի, իսկ եթե դրա հետ կապված կառաջանա անհնարինություն՝ դատարանը կտեղեկացվի և կարծում եմ կտեղեկացնի նաև մեզ»,-ասաց Գևորգ Բաղդասարյանը։  
 
Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը հաջորդ դատական նիստը նշանակեց մայիս 4-ին, ժամը 13․00-ին։