ԸՕ փոփոխությունները ՍԴ ուղարկելը ֆանտաստիկայի ժանրից է, քանի որ այնտեղ սահմանադրականության հարց չկա․ Դանիել Իոաննիսյան
ԱԺ-ն ապրիլի 1-ին ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, սակայն հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մինչ այժմ չի ստորագրել նախագիը։

Նախագիծը վերաբերում է ռեյտինգային ընտրական համակարգը վերացնելուն և պարզ համամասնական ընտրակարգին անցնելուն:
 
Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում Ընտրական նոր օրենսգրքի նախագծի համահեղինակ Դանիել Իոաննիսյանն ասաց, որ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու վերաբերյալ ԸՕ փոփոխությունը նախագահի մոտ է, և որի ժամկետն ավարտվում է գալիք ուրբաթ, և այդ օրը նա պետք է որոշում կայացնի ստորագրելու կամ ՍԴ ուղարկելու վերաբերյալ։ 

Իոաննիսյանի կարծիքով՝ ՍԴ ուղարկելը ֆանտաստիկայի ժանրից է, քանի որ  այնտեղ սահմանադրականության հարց չկա։
«Արդեն միարժեք է, որ ռեյտինգային ընտրակարգը վերանալու է,  և ընտրությունները լինելու են համամասնական սովորական  ընտրակարգով։ Ինչ վերաբերում է ԸՕ մնացած փաթեթին, ապա ես հուսով եմ, որ ԱԺ-ն կընդունի առաջիկա 10-15 օրվա մեջ և հուսով եմ, որ նախագահն այն կստորագրի մինչև ընտրությունների նշանակման հրամանագիրը»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։