Մենք պետք է նպատակադրվենք հայերին ռազմական աջակցություն ցուցաբերել, ինչպես արել ենք Մալիում․ մեր ձեռքը չպիտի դողա հակադրվելու Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը․ Վալերի Բուայեն՝ Կատրին Կոլոնային
Ֆրանսիայի Սենատում երեկ՝ հոկտեմբերի 19-ին, Սենատի հանրապետական խմբակցության պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն դիմելով խորհրդարանում ներկա ԱԳ նախարար Կատրին Կոլոնային ասել է․

«Տիկին նախարար,  

ինչպե՞ս հավատալ այն Եվրոպային, որը մի կողմից քաղաքացիական առաքելություն է ուղարկում Հայաստան, իսկ մյուս կողմից՝ ամրապնդում է իր համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ էներգետիկ ոլորտում։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ներկայացմամբ՝ Ադրբեջանը վստահելի գործընկեր է»,- ասել է Բուայեն ու ընդգծել՝ գազը, որ պատրաստվում է շահագործել Ադրբեջանը, իրականում Ռուսաստանինն է։  

«Եվ հարկ է ասել, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համագործակցում են ու հասկանում են իրար․ Պուտինը ցանկանում է նոր աշխարհագրություն ստեղծել, Ալիևը՝ չեղարկել պատմությունը։ Եվ բոլորս այսօր վկան ենք այս իրողության։

Տիկին նախարար, հարկ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Մեր ձեռքը չպիտի դողա հակադրվելու Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը։ Մենք պետք է նպատակադրվենք հայերին ռազմական աջակցություն ցուցաբերել, ինչպես արել ենք Մալիում։ Այն ինչ արել ենք Մալիի համար, ինչո՞ւ չանենք Հայաստանի համար։ Ու եթե պատժամիջոցներ չկիրառենք Ադրբեջանի նկատմամբ, դրանով կնպաստենք հայերի էթնիկ բնաջնջմանն ու նոր ցեղասպանությանը։ Հայերը սպասում են կոնկրետ ու իրական օգնության»։