«Հանրությունն իներտ է, որովհետև այս իշխանությունները, կարծեմ իրենց հետ շատ լավ հոգեբաններ և հոգեբույժներ են աշխատում, կարողացել է ժողովրդին համոզել, որ մեր վիճակն անհույս է, մենք ջախջախված ենք, ցանկացած քայլ կարող է բերել նոր զոհերի, նոր կորուստների, տանք վերջացնենք»,- այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանը։
Եթե խոսենք բժշկական տերմիններով, ապա կարելի է ասել, որ Խաչատրյանը կամ ընդդիմությունը տառապում է անձի երկատմամբ։ 2 տարի շարունակ, առավոտից երեկո, Խաչատրյանն ու ընկերները գուժում են Հայաստանի կործանումը, հայտարարում, որ Հայաստանը կապիտուլացվել է, ծնկել, բանակը կազմաքանդված է, անդունդի եզրին ենք և այլն։ Հիմա, երբ եկել է ժամանակը արդարացնելու իրենց քաղաքական «իմպոտենտությունը», անկարողությունը, անգործությունը, անճարակությունը, ընդդիմությունը որոշել է, որ պատճառը ժողովրդի հուսալքվածությունն է, իսկ ժողովրդին հուսալքել է իշխանությունը՝ հոգեբանական գործիքներով և տեխնոլոգիաներով։ Եթե իշխանության հետ իրոք լավ հոգեբաններ ու հոգեբույժներ են աշխատում, ապա պետք է խնդրել այդ մասնագետներին զննել ընդդիմությանը։ Գուցե անձի երկատումը մեր ընդդիմության միակ ախտորոշումը չէ։
Բացի դրանից, Խաչատրյանը համաձայն չէ, որ ընդդիմությունը ոչինչ չի անում։ Հարցազրույցը, որ այդ պահին տալիս էր պատգամավորը, ևս համարում է գործ, որ անում է ընդդիմությունը։ Բայց դրանով չեն սահմանափակվելու՝ ըստ Խաչատրյանի, ընդդիմությունը պատրաստվում է վերսկսել փողոցային պայքարը։ Թե ինչպիսին կլինեն եղանակային պայմաններն ու որքանով կազդեն ընդդիմության հանրահավաքների, իսկ ավելի կոնկրետ՝ դրանց հետաձգման ու չեղարկման վրա, դեռ կտեսնենք, իսկ բարենպաստ կլիմայական պայմաններում վերցված դադարը Խաչատրյանը, ըստ էության, մեկնաբանեց հետևյալ կերպ. «Ընդդիմությունը մոնոպոլիա չէ։ Շատ չակերտավոր ընդդիմադիրներ ասում էին՝ այ, որ դուք չլինեք, մենք ժողովրդին կհանենք։ Դե հիմա մենք ժամանակավորապես մի քանի շաբաթ հրապարակում չենք, դուք ի՞նչ եք արել»։
Ստացվում է, որ խորհրդարանական ընդդիմությունը էստաֆետան հանձնել էր իրենց ասած՝ չակերտավոր ընդդիմությանը։ Տեսնելով, որ վերջիններս նույնպես ոչինչ չեն ձեռնարկում, ստիպված են կրկին անցնել պայքարի՝ Երևանի փողոցներում շարունակելով փրկել Արցախն ու Հայաստանը։
Վովա Հակոբյան