«Մենք կարող ենք արձանագրել, որ իրանական կողմը առնվազն քաղաքական ազդեցությունների մակարդակում անում է ամեն ինչ, որպեսզի թուրք-ադրբեջանական կողմից հնչեցվող միջանցքի գաղափարը չլինի այնպես, ինչպես այն հնչեցվում է, այլ ըստ էության լինի կոմունիկացիաների ապաշրջափակման տեսքով, ինչի համար պայքարում է հայկական կողմը։ Սա, իհարկե, ռազմական գործողությունների դեմ զսպաշապիկ չէ, բայց առնվազն կարևոր քաղաքական դիրքորոշում է և կարևոր ներգրավվածություն, որը բխում է Հայաստանի շահերից»,- Civic.am-ի հետ զրույցում խոսելով Կապանում բացված Իրանի գլխավոր հյուպատոսության կարևորության մասին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը։
Խոսելով այն մասին, որ Իրանը ընդունելի չի համարում ԵՄ դիտորդների ներկայությունը Հայաստանի սահմաններին, Դավիթ Խաժակյանն ասաց, որ դա բխում է Իրան-Արևմուտք հակամարտությունից։ Նրա խոսքով՝ մենք մի բան կարող ենք ակնհայտորեն ֆիքսել՝ Հայաստանի շահերին այս պահին չի կարող օգուտ բերել որևէ տարածաշրջանային պետության բացարձակ ազդեցությունը։
«Նկատի ունեմ, եթե մենք բացառապես իրանական կողմի հետ փորձենք հարաբերություններ ձևավորել, կունենանք խնդիրներ Արևմուտքի հետ, եթե դա լինի բացարձակ Արևմուտքի հետ, կունենանք խնդիրներ և՛ ՌԴ-ի, և՛ Իրանի հետ։ Եվ նույնը նաև Ռուսաստանի մասով։
Այստեղ մեր խնդիրն է ստեղծել անվտանգային բալանսավորված համակարգ, որը թեև ես հասկանում եմ, որ շատ փխրուն է, բայց այս պահին չեմ էլ տեսնում այլընտրանք։ Հիմա մենք տեսնում ենք, որ տարբեր ներհայաստանյան ուժեր շահարկում են՝ ասելով, թե ինչու Հայաստանը չի փորձում իր ունեցած ձվերը դնել մի զամբյուղի մեջ, օրինակ՝ մատնանշելով իրանական կամ ռուսական զամբյուղը։ Մենք հասկանում ենք, որ մեր պետության արտաքին սահմանների նկատմամբ ագրեսիայի դեմ այս պահին ամենալուրջ քայլերը ձեռնարկվում են ԵՄ դիտորդների ներգրավվածության միջոցով»,- ասաց Դավիթ Խաժակյանը։
Նրա խոսքով՝ իհարկե, շատ այլ հարցերում առաջնային դեր է կատարում ՌԴ-ն, բայց վերջին հարձակման դեմ հակազդեցություն, առարկայական հակազդեցություն մենք տեսանք Արևմուտքից, ուստի մենք պետք է փորձենք բալանսավորել այստեղ իր մատնանշած այդ երեք կողմերի շահերը և ներկայացնել Իրանի գործընկերներին, որ դա ռազմական ներգրավվածություն չէ, և որ դա բխում է մեր արտաքին սահմանների պաշտպանության տրամաբանությունից։ «Որովհետև եթե մեր արտաքին սահմանները պաշտպանված չլինեն, ապա այն միջանցքը, որին դեմ է արտահայտվում Իրանը, շատ ավելի առարկայական քննարկման թեմա կդառնա, քան այն դեպքում, եթե մեր սահմանները պաշտպանված լինեն։ Ուստի այստեղ իրենց դիրքորոշումը հասկանալի է, բայց մեր շահերից բխում է տարբեր կողմերից կոմպենսացված անվտանգային համակարգը»,- նշեց Դավիթ Խաժակյանը։
Խոսելով նաև այն մասին, թե արդյոք ԵՄ դիտորդական առաքելության առկայությունը կարո՞ղ է որոշակիորեն զսպել Ադրբեջանին, Դավիթ Խաժակյանն ասաց, որ ինքն այն կարծիքին չէ, որ դա բացարձակ երաշխիք է, բայց սա զսպող մեխանիզմ է, ավելի ճշգրիտ, կարելի է ասել, արձանագրող մեխանիզմ է, որը կարձանագրի և՛ այս պահին եղած Հայաստանի սուվերեն տարածքի խախտումը, և՛ հետագա նման փորձերը։ Դավիթ Խաժակյանն այստեղ կարևորում է այն բաղադրիչը, որ սա Հայաստանի համար դեռևս նախադեպը չունեցող մի կոնտինգենտ է ԵՄ-ի կողմից տրամադրվող, որն ավելի շատ խոսում է այն մասին, որ ԵՄ-ն հասկանում է՝ տարածաշրջանում խաղաղության ապահովումը կարևոր է, և տվյալ դեպքում կարևոր է Հայաստանի սուվերենության պաշտպանությունը։
«Թե որքան ջանք և ռեսուրս պատրաստ կլինի ներդնել, դա ժամանակը ցույց կտա, բայց շատ կարևոր է, որ մենք բալանսավորման այս գործիքը այս փուլում ունեցանք, և շատ կարևոր է, որ դա հենց ԵՄ-ն է։ Եվ եթե մենք իսկապես կարողանանք ապահովել այդ մոնիտորինգի արդյունավետ գործունեությունը, ապա հաշտության համաձայնագրի կնքումը կդառնա էլ ավելի առարկայական գործընթաց»,- ասաց Դավիթ Խաժակյանը։
Մեկնաբանելով նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ օրերս հայկական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հնչեցրած այն միտքը, որ Ռուսաստանը միջանցքի հետ կապ չունի, և միջանցքի մասին հայտարարությունը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, որին անցյալ տարի հայ ժողովրդի մեծամասնությունը ձայն է տվել, Դավիթ Խաժակյանն ասաց, որ այսօր «Հայկական ժամանակ»-ից ծանոթանում ենք, ըստ էության, այն հարցադրմանը, թե ինչ շահ ունի Ռուսաստանն այդ միջանցքի հարցում:
Կարելի է արձանագրել մի բան. միայն այն, որ ռուսական ծառայությունների ներկայացուցիչները պետք է հսկեն այդ ճանապարհը, արդեն իսկ բխում է իրենց շահերից, ուստի այստեղ իրենք ունեն համախոհություն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ։ «Եվ գուցե թե իրենց առանձնապես չի մտահոգում՝ դա կլինի էքստրատերիտորիալ միջանցք, թե պարզապես ապաշրջափակում, բայց որ դա լինի այս կամ այն տեսքով, իրենք ներգրավված են։ Եվ դա բխում է նոյեմբերի 9-ի հայտարարությունից, բայց եթե մի քիչ էլ հետ գնանք, դա բխում է և՛ Կազանյան փաստաթղթից, և՛ դրանից առաջ եղած Մադրիդյան փաստաթղթից։ Ոչ հայաստանյան իշխանությունները և ոչ էլ փորձագիտական շրջանակները այս ամբողջ տարիների ընթացքում չեն խոսել այն իրողության մասին, որ Մադրիդյան փաստաթղթում և Կազանյան փաստաթղթում առկա է անարգել ճանապարհի մասին մի կետ, որը որևէ կերպ չի վերաբերում ԼՂ-ին։ Ուստի այս բանակցային գործընթացը անարգել ճանապարհի շուրջ սկսվել է շատ ավելի վաղ ժամանակահատվածում և շարունակվել է նոյեմբերի 9-ին»,- ասաց Դավիթ Խաժակյանը։
Մեր զրուցակիցը նշեց, որ, որպես այդպիսին, այդ փաստաթուղթը միջանցք չի ենթադրում, բայց ենթադրում է անարգել կապ, այն, ինչը վարչապետը ներկայացրեց իր վերջին հարցազրույցում։ Եվ հիմա, իր տպավորությամբ, և՛ ադրբեջանական կողմը, և՛ գուցե թե ռուսական կողմը փորձում են անարգելության ավելի մեծ կոմպոնենտ ստանալ Հայաստանից, որին Հայաստանը հակառակվում է, և ցավալի է, որ այս հարցում մենք չունենք ռազմավարական գործընկերոջ աջակցությունը, ընդհակառակը՝ ստանում ենք աջակցություն այն պետություններից, որոնք գործընկերության ավելի ցածր մակարդակ ունեն Հայաստանի հետ, քան ՌԴ-ն։ «Ուստի Զատուլինի ասածը պարզապես արդարացումն է իրենց շահերից բխող այդ ճանապարհի։ Ինքը արդարացնում է Ռուսաստանի գործողությունները կամ գուցե թե անգործությունը Հայաստանի նկատմամբ»,- ասաց Դավիթ Խաժակյանը։
Խոսելով նաև Զատուլինի մեկ այլ հայտարարության մասին, որում նա մեղադրում է վարչապետին, նրա թիմակիցներին ու համակիրներին Ռուսաստանի հանդեպ որոշակի թշնամական վերաբերմունք ունենալու մեջ, և որ իրենք գուցե վերանայեն իրենց գործընկերությունը Հայաստանի հետ, Դավիթ Խաժակյանն ասաց. «Հաշվի առնելով, որ Զատուլինը խորհրդարանական ներկայացուցիչ է և սերտ շփումներ ունի Հայաստանի ընդդիմադիր շրջանակների հետ, ես մտաբերում եմ իր ելույթները դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ, որոնք էապես տարբերվում են հիմա հնչող ելույթներից։ Ուստի կարծում եմ, որ այդ հռետորաբանության մեջ ավելի մեծ «ներդրում» ունեն ներհայաստանյան ընդդիմադիրները, որոնք ռուսական տարբեր շրջանակների փորձում են տրամադրել Հայաստանի իշխանությունների դեմ։ Բայց եթե խոսենք հայ-ռուսական գործընկերության մասին, ապա այսօր առաջացել են արդեն իսկ այնպիսի բացեր, որոնք հայաստանյան կողմը չի կարող լրացնել, որովհետև այդ բացերն առաջացրել է ռուսական կողմը՝ տարբեր պարտավորությունների չկատարում և այլն։ Հայաստանն ԱՊՀ տարածքում այն եզակի պետություններից է մնացել, որն այս աշխարհաքաղաքական պայմաններում չի խորշում բարեկամաբար արտահայտվել Ռուսաստանի մասին և այդպես էլ գործել, և նույնը, կարծում եմ, մենք պետք է ակնկալենք ռուսական կողմից, անկախ նրանից՝ խորհրդարանական ներկայացուցիչներ են, թե կառավարության»,- եզրափակեց Դավիթ Խաժակյանը։
Լիլիթ Թադևոսյան