ԵԱՀԿ դիտորդներն արդեն Հայաստանում են․ Գեղարքունիքի մարզպետը ընդունել է ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին՝ գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկի գլխավորությամբ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության  հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը։ Հանդիպման  նպատակն էր՝ տեղում ծանոթանալ  2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով մարզի սահմանային հատվածներում եւ  բնակավայրերում ստեղծված իրավիճակին։

Ողջունելով առաքելության ներկայացուցիչների այցը Գեղարքունիքի մարզ՝ մարզպետ Կարեն Սարգսյանը  ներկաների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական հրետակոծության հետեւանքով մարզի Վարդենիս եւ Ճամբարակ համայնքների 12 բնակավայրերում ստեղծված իրավիճակի վրա, հույս հայտնելով, որ   ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների արագ արձագանքը հնարավորություն կտա՝ ճիշտ գնահատել իրավիճակը։ Գեղարքունիքի մարզպետը պատրաստակամություն հայտնեց՝ անհրաժեշտության դեպքում ԵԱՀԿ փաստահավաք աշխատանքային խմբին անձամբ ուղեկցել հրետակոծությունից տուժած բնակավայրեր, սահմանային գոտիներ եւ անհրաժեշտ  աջակցություն ցուցաբերել նրանց բոլոր հարցերում։ 

Զրույցի ընթացքում Գեղարքունիքի մարզպետը փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին խոստացավ  տրամադրել նաեւ տեսագրություններ եւ լուսանկարներ, որոնք  ավելի խոսուն եւ համոզիչ կդարձնեն ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները։ 
Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց նաեւ ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը՝ կարեւորելով ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների այցը մարզ։ Նա  խոսեց թշնամու ներթափանցման,  հայկական կողմին պատճառված տարածքային եւ մարդկային կորուստների, քաղաքացիական բնակչության  ահաբեկման եւ անհետ կորածների մասին։ 

ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Գեղարքունիքի մարզպետին եւ ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարին՝ հանգամանալից տեղեկատվություն ներկայացնելու համար, նշելով, որ անհրաժեշտության դեպքում առաքելության անդամները կայցելեն սահմանամերձ գոտի եւ տեղում կիրականացնեն անհրաժեշտ դիտարկումներ։