Հոկտեմբերի 30-ին Սոչիում Ալիև-Պուտին-Փաշինյան եռակողմ հանդիպումից մեկ օր առաջ Արցախի ԱԺ-ն հայտարարություն տարածեց, որով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով. «Հայաստանի Հանրապետության ո՛չ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարելու որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի։ Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ միջազգային հարթակներում հանդես գալ հայկական երկու հանրապետությունների միասնական շահերը պաշտպանելու դիրքերից՝ հիմք ընդունելով առկա հիմնարար փաստաթղթերը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը և Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի պատմական որոշումը»։
Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրվեց հայտարարություն, որում Լեռնային Ղարաբաղի, արցախահայության իրավունքների պաշտպանության մասին որևէ հիշատակում չկար՝ այն դեպքում, երբ մի քանի օր առաջ Պուտինը հայտարարեց, որ, ի տարբերություն «վաշինգտոնյան տարբերակի», որով Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, իրենք առաջարկում են Արցախի կարգավիճակի հարցը թողնել անորոշ ապագային։
Թեմայի շուրջ զրուցել ենք Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Վահրամ Աթանեսյանի հետ։
- Ինչպե՞ս կգնահատեք հակասական մեկնաբանությունների տեղիք տված Արցախի ԱԺ հայտարարությունը։ Ինչո՞ւ հենց այդպիսի շեշտադրումներով եղավ հայտարարությունը։ Այն կարո՞ղ է դրական ազդեցություն ունենալ Արցախի սուբյեկտայնության վերականգնման և ինքնորոշման իրավունքի հաստատման հարցում։
- Կարծում եմ, որ Սոչիի բանակցություններից հետո այդ հայտարարությունը մեկնաբանելու անհրաժեշտություն այլևս չկա։ Եվ շատ ցավալի է, որ Արցախի բարձրագույն ներկայացուցչական մարմինը, թող վիրավորական չհնչի, այս փուլում ոչ այնքան ադեկվատ մոտեցում ցուցաբերեց։ Հուսանք, որ դա լրջագույն քաղաքական հետևանքներ չի ունենա։
- Արդյոք հայտարարությունն արտահայտո՞ւմ էր փողոց դուրս եկած բազմահազար արցախցիների իրական կամքը, կարծես թե նրանք ցանկանում էին ի լուր աշխարհի ցույց տալ, որ իրենք չեն հրաժարվելու իրենց անօտարելի և գոյապահպանման երաշխիք հանդիսացող ինքնության որոշման իրավունքից, և աշխարհը պարտավոր է ընդունել։
- Միշտ չէ, իսկ քաղաքականության մեջ՝ հատկապես, որ պետք է առաջնորդվել «Ձայն բազմաց՝ ձայն Աստծու» սկզբունքով։ Համարժեք, սկզբունքային որոշում պետք է ընդունի իշխանությունը, էլիտան, նրանք, ում ժողովուրդը այդ իրավունքը տվել է ընտրություններով։
- Սոչիում կայացած Ալիև-Պուտին-Փաշինյան եռակողմ հանդիպման և դրա արդյունքում ստորագրված հայտարարության վերաբերյալ ի՞նչ դիտարկումներ կարող եք անել։ Նախօրեին Արցախի քաղաքական վերնախավը դրական մեծ սպասելիքներով դիմում էր ՌԴ-ին, սակայն տեսանք՝ հայտարարության մեջ չկար ԼՂ մասին որևէ հիշատակում:
- Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու «վաշինգտոնյան նախագծի» մասին է խոսքը, ես չգիտեմ՝ հրապարակված փաստաթղթեր չկան։ Ինչ վերաբերում է Սոչիի բանակցությունների արդյունքով ընդունված հայտարարությանը, ապա իմ տպավորությամբ՝ կարևոր են երեք արձանագրումներ։ Առաջինը՝ կողմերը պայմանավորվել են ձեռնպահ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից։ Դա ակնհայտորեն վերաբերում է Ադրբեջանին։ Երկրորդ՝ ընդգծվել է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի առաքելությունը «պահանջված է»։ Հետևում է, որ խաղաղապահ առաքելությունը որոշակիորեն տարանջատվում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Երրորդ՝ իմ կարծիքով, էական շեշտադրումը կրոնական առաջնորդների «բանակցային հարթակի» ստեղծումն է, դրա անհրաժեշտության արձանագրումը։ Տպավորություն ունեմ, որ դա վերաբերում է Արցախի էթնիկ-մշակութային և քաղաքակրթական ինքնության հետ կապված հայ-ադրբեջանական բանավեճին և այդ հարցում ճշգրտման հասնելուն՝ որպես ընդհանուր կարգավորման շատ կարևոր բաղադրիչի։
- Խոսակցություններ կան, որ Արցախի վերնախավի որոշ ներկայացուցիչներ ցանկություն ունեն միանալ ՌԴ-ին. Արցախում այդպիսի ապագայի ձգտողների թիվը մե՞ծ է։ Ձեր կարծիքով՝ ՌԴ-ն կցանկանա՞ իր կազմում ընդունել Արցախին։
- Սոչիի հանդիպումից հետո նման հարցերին անդրադառնալու անհրաժեշտություն այլևս չկա։
Թամարա Ղազարյան