Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ Հայաստանը համաձայն է ռուսական կողմի առաջարկին՝ թողնել ԼՂ կարգավիճակն ապագային: «Սրա իմաստն այն է, որ կարգավիճակի հարցը հետաձգվի: Ինչքանով է ՀՀ կառավարության քաղաքականությունը համապատասխանում այս տեսլականի հետ, պետք է ասեմ, որ լիարժեք և 100 տոկոսով է համապատասխանում: Ի սկզբանե արձանագրելով, որ կա երեք կոմպոնենտ այդ հարցի՝ ԼՂ հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ՝ դուք նկատել եք, որ հետագայում հընթացս մենք կարգավիճակ բառը՝ որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր, փորձել ենք մի կողմ դնել։ Ինչո՞ւ։ Հենց այս տեսլականի բերումով, որովհետև մենք համաձայնել ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ այդ թեմային հիմա չարժե գնալ ու փորձել լուծել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի»,-ասաց Փաշինյանը:
Նա հայտարարեց նաև, որ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ հայկական կողմը պնդել է, որ եռակողմ հայտարարության ժամանակ հղում արվի ռուսական կողմի առաջարկներին, բայց ռուս գործընկերների հորդորով փորձել են ճկուն լինել՝ իրավիճակը փակուղային չդարձնելու համար։