Շատ դրական եմ գնահատում Արցախում տեղի ունեցած հանրահավաքը․ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան․ Ալեն Սիմոնյան
Արցախի իշխանության կողմից մեզ վստահելու խնդիր չկա։ Ես շատ դրական եմ գնահատում այն հանրահավաքը, որ տեղի ունեցավ Արցախում։ Այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք Արցախի իշխանությունները անհանգստացած են բանակցություններից և չե՞ն վստահում Հայաստանի ղեկավարությանը։ 

Սիմոնյանը վստահեցրեց, որ Արցախի իշխանությունների կողմից իրենց ուղղված չոր պահանջները չեն խանգարում, որ վերջիններս միշտ մասնակից լինեն բոլոր կարևոր քննարկումներին, մշտական շփումների մեջ գտնվեն ու բոլոր հարցերի շուրջ համագործակցեն։

Հարցին, թե ինչու Սոչիում կայացած հայտարարության մեջ չի հիշատակվել Արցախի հարցը, ԱԺ նախագահը նախ ցանկացավ անդրադառնալ հաճախակի տրվող հարցադրմանը, թե  Սերժ Սարգսյանի օրոք Ալիևն ասել է՝ կուլիսներում իրեն պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը․ «Դա ևս ապացույց է, որ դեռևս այն ժամանակ բանակցային պրոցեսը հասցվել էր նրան, որ Ադրբեջանի նախագահ Ալիևից էր կախված՝ Արցախի խնդիրը լուծում կունենա՞, թե՞ ոչ։ Եվ դա ապացույց է ոչ թե լավ դիվանագիտության, այլ վատ, իսկ հիմա եռակողմ կամ քառակողմ բոլոր հանդիպումները տեղի են ունենում մեր և Ադրբեջանի երկուստեք համաձայնությամբ»։

Ինչ վերաբերում է մեղադրանքին, թե ինչու է  իշխանությունը դադարել խոսել արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին, նրա խոսքով իշանությունից որևէ մեկը չի ասում, որ ինքնորոշման իրավունքը դուրս է եկել, պարզապես այսօր բանակցային բոլոր հարթակներում՝ թե Սոչիում, թե Պրահայում կամ այլ հարթակում, գլխավորապես քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ «Այնուամենայնիվ, վստահեցնում եմ՝ այդ բոլոր հանդիպումներում Հայաստանի իշխանությունը մշտապես ասում է և ասելու է, որ Արցախի ժողովրդի ճակատագրի, ինքորոշման իրավունքի հարցերը պետք է տեղի ունենա Արցախի իշխանությունների, ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ թե  ինչու հայտարարության մեջ տեղ չի գտել, դա այլ՝ երկար խոսակցություն է։ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Սա է մեր նպատակը»,-ընդգծեց նա։

«Եթե նայում ենք ադրբեջանական հռետորաբանությանը, Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսությունը նրանք մեկնաբանում են իբրև բանակցություն իրենց քաղաքացիների հետ, բայց այսօր էլ կան Ստեփանակեր-Բաքու ուղիղ խոսակցություններ, ճիշտ է՝ մանր հարցերում, բայց կան»,-ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ հնարավորություն է տեսնում Արցախի սուբյեկտայնության և Արցախ-Ադրբեջան ուղիղ երկխոսության կայացման հարցում։