«Այսօր Հայաստանում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք ըստ էության ոչնչացման կամ վնասման հոսքագծի վրա են գտնվում: Իհարկե, կառավարությունն այս ուղղությամբ շարունակելու է աշխատել, ես այդ թեմայով հատուկ հանձնարարական եմ տվել՝ ընդգծելով առանձնահատուկ նշանակությունը այն պատմամշակութային հուշարձանների, որոնք իրենց բովանդակությամբ ընդգծում են քաղաքացիական և պետական ենթակառուցվածքների պատմական ասպեկտը»,- այսօր՝ նոյեմբերի 3-ին, Կառավարության հերթական նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը բարերարների ուշադրությունը հրավիրեց այս խնդրի վրա. «Կան պատմամշակութային հուշարձաններ, որոնց վերականգնումը կարող է շատ լավ և դրական գործ լինել, բայց մյուս կողմից՝ մենք, ցավոք, դեպքեր ունենք, երբ պատմամշակութային հուշարձանների վերականգնման պրոցեսում էլի «շուշաբանդային» տրամաբանություն են օգտագործել, և այս ուղղությամբ պետք է շատ զգույշ և ուշադիր լինել և իհարկե անպայման համագործակցված ԿԳՄՍ նախարարության հետ հուշարձանների պահպանության առումով առաջընթաց, ոչ թե հետընթաց ունենալու համար»: