ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի նկատառմամբ՝ ՔՊ-ը ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան ժողովրդավար է և աշխատում է թափանցիկ:
«Հրապարակվեց արդյունք, որի հետ մեր որոշ գործընկերներ համամիտ չէին: Տեղի ունեցավ վերահաշվարկ, եղան ճշտումներ, և դրանց արդյունքում հրապարկվեց վարչության նոր կազմը: Ես այստեղ արտառոց ոչինչ չեմ տեսնում»,-
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Վերջինիս խոսքով՝ ինչպես բոլոր ընտրություններում, այդպես էլ այս դեպքում առաջնորդվել են օրենքով, և վերահաշվարկն ու արդարության վերհանումը ցույց են տալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բնույթը. «ՔՊ-ը միակ կուսակցությունն է, որն իր ընտրություններն անցկացնում է այսպիսի բաց և թափանցիկ կերպով, ինչու չէ, նաև՝ ընդունում վրիպումները»:
Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ էր համագումարին ԶԼՄ-ների մուտքն արգելված, նախորդ ընտրություններին այդպես չէր, Հակոբյանը նկատում է՝ ընտրությունների ամբողջ ընթացքն ուղիղ եթերով հեռարձակվել է:
«Օնլայն հարթակում հասանելի է եղել նիստը: Իսկ թե ինչո՞ւ է որոշվել այս անգամ ԶԼՄ-ների մուտքն արգելել, չեմ կարող ասել. ես կազմակերպչական հարցերով չեմ զբաղվել»,- ընդգծում է նա:
Անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, ըստ որոնց՝ վերահաշվարկի ու սխալ տվյալներ հրապարակելու «մեղավորությունը» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանինն է, հետևաբար կուսակցությունը նրան է մեղադրում, այսպես ասած, այս իրավիճակի համար, զրուցակիցը շեշտում է՝ որևէ անձնավորված մեղադրանք չի կարող հնչել քաղաքական թիմի որևէ անդամի հասցեին:
«Եղել է խնդիր, վերահաշվարկ է եղել, արդյունքները հիմք ենք ընդունել ու անցել առաջ: Այստեղ ոչ մի անձնական որակումներ չեն կարող հնչել»,- ասում է նա:
Հիշեցնենք՝ երեկ տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ նախորդ շաբաթ կայացած ընտրության արդյունքներում փոփոխություններ են եղել, քանի որ սխալ վերահաշվարկ է իրականացվել:
Մասնավորապես, արված վերահաշվարկի արդյունքում փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դուրս են մնացել վարչության կազմից՝ տեղը զիջելով պատգամավոր Արսեն Թորոսյանին և ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանին։
Այսօր առավոտյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տեղեկացրել է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների առնչությամբ ստացված դիմումի հիման վրա իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ, ճշգրտումների արդյունքում թեկնածուների առաջին քսանյակը, ըստ ստացած քվեների, ունի հետևյալ տեսքը՝
այստեղ: