Մենք նախատեսել էինք, որ 2023 թվականից պետք է բարձրացնենք թոշակները, բայց ճիշտ եք, մի կողմից՝ երկրում կա գնաճային ֆոն, որը, ըստ կանխատեսումների, կշարունակվի և 2023-ի երկրորդ եռամսյակից կսկսի իջնել, մյուս կողմից՝ հաշվի առնելով երկրում հարկերի ավելի հավաքումը՝ որոշվել է թոշակների բարձրացումը բերել առաջ՝ 2022 թիվ։ Առաջին փուլում հայտարարել ենք 6000 դրամով բարձրացնելու մասին և 3000 դրամով բարձրացումը իրականացրել ենք արդեն սեպտեմբերին։ Սա հնարավորություն է տալիս երկրում առկա գնաճի ֆոնին լուծել սոցիալական խնդիրները, բարձրացնել գնողունակությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով հարցին, թե բարձր գնաճի ֆոնին ի՞նչ օգուտ է տալու թոշակների 5000 դրամով բարձրացումը, հատկապես 36.000 դրամ թոշակ ստացողներին։
Շարունակելով՝ նախարարը նշեց, որ բացի թոշակների բարձրացումից՝ թոշակառուների, նպաստառուների սոցիալական վիճակի բարելավմանն է ուղղված եղել հուլիսից ներդրված թոշակառուների, նպաստառուների անկանխիկ գործարքների դեպքում հետվճարի համակարգը, որը ենթադրում էր 5000 դրամի վերադարձ։ Ըստ Մկրտչյանի՝ ծրագիրը թեև շատ քննադատեցին՝ պնդելով, թե թոշակառուները չեն կարողանա օգտվել համակարգից, այն չի աշխատի, սակայն ցուցանիշներն այլ բան են ասում, որոնցից ելնելով վարչապետն էլ ասել է, որ պետք է շարունակվի ծրագրի գործարկումը: «Սեպտեմբեր ամսվա տվյալներով՝ մեր թոշակառուները շուրջ 1 միլիարդ 400 միլիոն դրամի անկանխիկ գործարք էին արել, որոնցից հետվճարի ենթակա է եղել 1 միլիոն 200 հազար դրամը, և հիմա ամփոփման փուլում են գտնվում հոկտեմբեր ամսվա տվյալները. արդեն նախնական տվյալներով՝ շուրջ 30 տոկոս ավելացում կա, բայց ենթադրում եմ՝ վերջնահաշվարկով ավելի շատ կլինի։ Մենք հորդորում ենք, որ մյուս բանկերն էլ միանան ներկայումս ծրագիրն իրագործող բանկերին»,- ասաց նա։
Հարցին, թե, այնուամենայնիվ, ինչպե՞ս են ապրելու այսքան թոշակով՝ այն դեպքում, երբ պաշտոնյաները շարունակելու են բարձր պարգևավճարներ ստանալ, այս անհամաչափությունը ինչպե՞ս կմեկնաբանի, նախարարն ասաց. «Այդ հարցը բարձրացվում էր նաև, երբ ես պատգամավոր էի։ Այն ժամանակ էլ պնդում էին, որ այդ պարգևավճարը թող չտան, թոշակները բարձրացնեն։ Լավ, թող չտան, տեսնենք դրանից թոշակները քանի լումայով կբարձրանան մի քանի հարյուր հազար թոշակառուների համար»։
Հակադարձմանը, որ սոցիալական արդարության, հանդուրժողականության խնդիր է առաջանում, նա պատասխանեց, որ եթե պարգևատրումներից հրաժարումը կլուծի երկրի խնդիրները, իրենք պատրաստ են, սակայն պետք է տարանջատենք այդ երևույթները։ «Պաշտոնյան պետք է ստանա բավարար գումար, որպեսզի արդյունավետ կառավարի։ Դա նրանից է, որ տարիներ շարունակ եղել է այնպես, որ պաշտոնյաները կարող են քիչ ստանալ, բայց ունենալ եկամտի այլ աղբյուրներ, բայց հիմա չկա նման բան. ես չգիտեմ պաշտոնյաներ, նախարարներ, որ զուգահեռաբար այլ եկամուտներ, բիզնեսներ ունենան, եթե կան, թող պատկան մարմինները զբաղվեն»,- նշեց նախարարը։
Անդրադառնալով գնաճին՝ Մկրտչյանը նկատեց, որ մենք քարանձավում չենք գտնվում, այլ միջազգային համակարգում, և ցանկացած իրողություն, շարժում անդրադառնում է նաև մեզ վրա, ու եթե կառավարությունը որևէ քայլ չաներ, աղքատությունը 50 տոկոսից բարձր կլիներ, օրինակ՝ եթե նպաստի, թոշակների չափը չբարձրացվեր, մինչև 2 տարեկան երեխաներին տրվող նպաստը չբարձրացվեր։
Այս տարվա աղքատության ցուցանիշների մասին կոնկրետ թիվ նախարարը չկարողացավ նշել՝ ասելով, որ դրանք դեռ վերջնական հայտնի չեն. «Այս պահին ունենք 2020 թվականի տվյալները, որոնցով աղքատության մակարդակը 27 տոկոսի շրջանում է։ Այս տարվա աղքատության տոկոսը, ըստ կանխատեսումների, կաճի որոշ չափով»։
Այս ցուցանիշում, Մկրտչյանի խոսքով, հանրության մեջ դեր ունի հետպատերազմյան սինդրոմը։
«Գործազրկության հարցում տոկոսի նվազում ունենք։ Հունվար-օգոստոսի տվյալներով՝ 14 տոկոս նվազում կա»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է աշխատատեղերի ավելացման մասին հայտարարություններին, հաշվարկի մեթոդաբանությանը, ասաց, որ երբ ասվում է 5000 աշխատատեղերի ավելացման մասին, չի նշանակում, որ այդքան ավելացել է. դրա մեջ մտնում է նաև ստվերից դուրս եկած աշխատողների թիվը, որը գումարվել է նոր աշխատատեղերի թվին, որի մեջ ներառված է նաև վերջին շրջանում օտարերկրացիների ներդրումների ավելացումը։ Ըստ մեթոդաբանության պետք է նայել։
Մկրտչյանը ընդգծեց, որ վարչապետի 2023-ի բյուջեի զեկույցից երևում է, թե այնտեղ սոցիալական ոլորտի խնդիրներին վերաբերող ինչքան շատ նախագծեր կան, սակայն մենք չպետք է մոռանանք, որ սոցիալական հարցերից բացի՝ այսօր ունենք անվտանգային լուրջ սպառնալիքներ, որոնց համարժեք արձագանքելու համար հսկայական ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ։
Կրկնվող հարցին, թե այնուամենայնիվ, նախարարը 36.000-ով ի՞նչ գնումներ է կարողանում անել, ի պատասխան Մկրտչյանն ասաց, որ ամեն ինչ անում են, որ բոլոր հարցերին միանգամից չեն կարող լուծում տալ, իրենք իրենց տեղում սոցիալական ծրագրերով անում են հնարավոր ամեն ինչ, որ սոցիալական բեռը թեթևանա, օրինակ՝ դրան է ուղղված կենսաթոշակային օրենքում նախատեսվող փոփոխությունը, որով ավելի քիչ աշխատանքային ստաժ ունեցող թոշակառուներին հասանելի կլինի պարենային զամբյուղը, մնացյալ ուղղությունները պետք է ապահովեն մյուս գերատեսչությունները։ Այս հարցերի պատասխանը, ըստ նախարարի, ընդհանուր առմամբ բխում է մեր ֆինանսատնտեսական ցուցիչներից։