2023 թվականի ընթացքում մենք տրանսպորտի խնդիրը 70 տոկոսով կլուծենք. Երևանի քաղաքապետ
«Ես վստահեցնում եմ Ձեզ, որ 2023 թվականի ընթացքում մենք տրանսպորտի խնդիրը 70 տոկոսով կլուծենք»։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանելով հարցին,վթե երբ է ի վերջո բարեփոխվելու մայրաքաղաքի տրանսպորտը, երբ ենք մարդավարի երթևեկելու հարցերին:

«Գիտեք, որ մենք պայմանագիր ունենք «Ման» տիպի ավտոբուսների ձեռքբերման հետ կապված, մրցույթն արդեն կայացել է, և նոյեմբեր ամսին մեր գործընկերները արդեն կլինեն գործարանում: Համաձայն պայմանագրի՝ 2023թ. 87 հատ «Ման» մակնիշի ավտոբուսները կլինեն Երևանում, բացի այդ՝ մենք հայտարարել ենք 165 «Ջոնկտոմ» տիպի ավտոբուսների մրցույթ, որից 150-ը ամբողջությամբ պատրաստ են: 4-5 օրվա ընթացքում կուղևորվեն Չինաստանից Հայաստան»,-նշեց քաղաքապետը:

Վերջինս հայտնեց, որ բացի ավտոբուսներից Երևանի տրանսպորտը կհամալրվի նաև 30 տրոյլեբուսներով, որոնց համար երկու մրցույթն ավարտվել է: Առաջին մրցույթի արդյունքով, 15 տրոյլեբուսի ձեռքբերումը կկայանա մեկ ամսվա ընթացքում, և 2022 թվականի դեկտեմբերին կլինեն Երևանում, իսկ մյուս 15-ը ձեռք կբերվի հունվարին Կառավարության աջակցությամբ: