ՔՊ-ի 4-րդ վարչության ընտրություններն են եղել, և կարող եմ ասել, որ որոշ հարցեր են առաջացել, և ըստ այդմ՝ տեղի է ունեցել վերահաշվարկ, որի արդյունքները հրապարակվել են: Էդ որ խոսում են ժողովրդավարությունից, հենց սա չէ՞ ժողովրդավարությունը: Այս մասին ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով ՔՊ վարչության ընտրությունների վերահաշվարկին:
Դիտարկմանը, թե արդյոք կատարվածը չի՞ խոսում ՔՊ-ի ներքին ժողովրդավարության խնդիրների, թևերի բաժանվածության մասին, նա ասաց. «Եթե մեր միջև խնդիր լիներ, վերահաշվարկ չէր լինի»:
Հարցին՝ լուրեր են պտտվում, թե Պապիկյանի, Սիմոնյանի, Ավինյանի թևեր են առաջացել կուսակցության ներսում, չասենք՝ պառակտվածություն, բայց հակասություններ, այնուամենայնիվ, կան, Սիմիդյանը կտրուկ հերքեց՝ ասելով, որ ինքը ոչ մի պառակտում չի նկատել. «Որտե՞ղ եք տեսել այդ պառակտվածությունը, հետաքրքիր է: Ես կուսակցության անդամ եմ, ես պառակտումներ չեմ տեսել: Ինչ վերաբերում է թևերին, թևեր ձեր խմբագրությունում էլ կան: Մի հոգին մյուսի հետ ավելի մտերիմ է, քան մնացածի»:
Խմբակցության վարչության նախագահի ցուցակում չհայտնվելու վերաբերյալ հարցին նախարարը հարցով պատասխանեց. «Շրջակա միջավայրի նախարարն էլ չի հայտնվել, հետո՞ ինչ: Դուք ասեք՝ դա ինչի՞ մասին է ասում: Ես չեմ ընտրվել, որովհետև քիչ ձայն եմ հավաքել»:
«Քաղաքական դաշտի կուսակցություններից ՔՊ-ն միակն է, որ իր ներսում ընտրություններով է ձևավորում իր վարչությունը: Բոլոր ընտրություններում առաջանում են խնդիրներ, վերահաշվարկ է լինում, այլ իրավական պրոցեսներ են սկսվում: Ես հանձնաժողովի անդամ չեմ եղել, տեղյակ չեմ, թե ինչ խնդիր է առաջացել հաշվարկի ժամանակ, բայց յուրաքանչյուր խնդրի դեպքում, եթե անհրաժեշտություն է առաջանում ինչ-որ բան անելու, արվում է: Այս դեպքում վերահաշվարկի անհրաժեշտություն է առաջացել, արդյունքները հրապարակվել են: Այստեղ ո՞րն է կեղծիքը»,- նշեց նախարարը՝ պատասխանելով հարցին, թե հանրության մեջ կասկած է առաջացել, որ եթե Դուք չեք կարողանում կուսակցության վարչության ընտրություններն անցկացնել, ինչպե՞ս եք անցկացրել համապետական ընտրություննները, արդյոք դրանք չե՞ն կեղծվել:
Այս վստահեցումը, Սիմիդյանի պնդմամբ, վերաբերում է ՔՊ-ի կողմից անցկացված թե՛ համապետական, թե՛ ՏԻՄ ընտրություններին:
Դիտարկմանը, թե ի տարբերություն խմբագրությունների՝ կուսակցություններում պաշտոնների համար պայքար կա, Սիմիդյանը կրկնեց, որ իրենց կուսակցությունը տարբերվում է նրանով, որ ներքին ընտրություններով է ձևավորում իր ղեկավար կազմին: Նրա խոսքով՝ ոչ մի արտառոց բան չկա. «3 տարի անց կլինի նոր ընտրություն, կդնի թեկնածությունը. գուցե պասիվ եմ եղել, ակտիվ քարոզարշավ չեմ արել»,- նշեց նախարարը:
Նա տարակուսած նշեց, թե այդտեղ ինչ արտառոց բան կա, որ լրատվականները դարձրել են թոփ թեմա, թե ՔՊ-ում ինչ-որ բան է պայթել:
«Որտեղ ինչ եք փնտրում… Կոնջորյանին, Սիմիդյանին տված ձայները չեն հերիքել, չեն անցել: Դուք հասկանո՞ւմ եք՝ թափանցիկ ասվածը ինչ է: Բոլոր ժողովրդավար երկրներում էլ լինում են նման խնդիրներ, և հետո վերահաշվարկ՝ թեկնածուներից մեկի պահանջով»,- հավելեց նա և որպես օրինակ մատնանշեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ընտրությունը, ով հաղթել է վերահաշվարկի արդյունքում: