«Մի պատ է ձեռք բերվել, որի արդյունքում 5 ընտանիքի բնակարան է տրվել». Խաչատուր Սուքիասյանը՝ իրեն պատկանող «Սիլ Պլազայի» սեփականաշնորհման օրինականության հարցով քրեական վարույթի մասին․ տեսանյութ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՀՀ գլխավոր դատախազությունը վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում՝ վիճարկելու ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։ Հայցադիմումը վարույթ է ընդունվել հոկտեմբերի 28-ին, նիստը կկայանա 2023թ. փետրվարի 16-ին։
Կադաստրի կոմիտեն այս գործով պատասխանող կողմն է, «Գռզո պլազա» ՍՊԸ-ն ներգրավված է որպես 3-րդ անձ։
Վարչական դատարանը նաև բավարարել է դատախազության միջնորդությունը և արգելել Կադաստրի կոմիտեին «Սիլ պլազայի»՝ Երևան քաղաքի Արամի փողոց թիվ 3 և 5 հասցեների անշարժ գույքերի նկատմամբ կատարելու իրավունքների պետական գրանցում:
Դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ «Երքաղխորհրդի գործկոմի» և «Աստղիկ-1» կոոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փողոց 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու, որպես հետևանք՝ Կադաստրի կոմիտեում «Աստղիկ-1» կոոպերատիվի անվամբ տրված իրավունքների պետական գրանցման և նշված գույքի վերաբերյալ իրավահաջորդ «Գռզո պլազա» ՍՊԸ-ի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Գլխավոր դատախազությունն այս գործի շրջանակում նաև քրեական վարույթ է նախաձեռնել։ Այս գործընթացների հիմքը «Հետքի»՝ $5655 սեփականաշնորհում «ջրի գնով» վերտառությամբ հրապարակումն է։ Ըստ «Հետքի» հրապարակման՝ նշված հասցեների սեփականաշնորհումը տեղի է ունեցել 25 տարի առաջ։
ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականության հարցին, ընդգծեց, որ իր ընտանիքին երկար ժամանակ համոզել են, որ քաղաքի կենտրոնում գտնվող այդ գույքը վերցնեն: «Ասել են՝ դուք ունեք գումարներ, վերցրեք այդ գույքը, մենք ասել ենք՝ չենք ուզում, ինձ իմ հայրն է համոզել վերցնել։ Շենք չի եղել, մի պատ է եղել՝ 4 մ բարձրության, Աբովյան և Արամի փողոցների հատվածում, այդ բակի բոլոր տները քանդվել են։ Մի պատ է ձեռք բերվել, որի արդյունքում 5 ընտանիքի բնակարան է տրվել։ Սկզբնական շրջանում պետք է լիներ պատկերասրահ, դա չի արդարացրել իրեն։ Պետական մարմինները թող այդ հատվածը հասկանան»,- ասաց նա ու նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այդ հարցը չի քննարկելու։