Պոլիկլինիկաներում նախատեսվում է աշխատավարձի բարձրացում՝ գնահատվելու են սպասարկման քանակը և որակը, հերթերը կարգավորելու համար էլ ներդրվում է էլեկտրոնային առողջապահություն. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Առաջնային օղակի՝ պոլիկլինիկայի բարեփոխումները արդեն մեկ տարի է՝ մեկնարկել են։ Այս մասին «Արմենպրեսի» եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։
«Առաջնային օղակի խնդիրներից են հերթերը, անկետաների հետևից ու սենյակից սենյակ գնալը, ունենք շենքային վատ պայմաններ, ունենում ենք կադրերի լուրջ խնդիրներ, դրանք տարիքով մեր բուժաշխատողներն են, որոնց միջին տարիքը, ցավոք, բարձր է, ունենում ենք սարքավորումների հետ կապված խնդիրներ։ Այս բարեփոխումները համապարփակ են լինելու»,-նշեց Արտակ Ջումայանը։
Նրա խոսքով՝ հերթերը կարգավորելու համար ներդրվում է էլեկտրոնային առողջապահություն. «Աշխատանք է տարվել թվայնացման, փաստաթղթաշրջանառության, մատյանների թվայնացման, անաշխատունակության թերթիկի թվայնացման ուղղությամբ, այս պահին դեղատոմսերն են արդեն իսկ թվայնացրել, և կենտրոնական գնումներով դուրս գրվող դեղորայքներն արդեն իսկ դուրս են գրվում էլեկտրոնային տարբերակով. վերջին դեղատոմսերի քանակն արդեն երկու ամսում հասել է 60000-ից ավելիի»։
Առողջապահության փոխնախարարն ընդգծեց, որ առաջնային օղակում նախատեսվում է աշխատավարձի բարձրացում, որը բոնուսային համակարգով է լինելու՝ գնահատվելու են սպասարկման քանակը և որակը. «Բոնուսային համակարգը կա, բայց ցուցանիշներն են թերի, և տակը դրված գումարն է քիչ։ Այս պահին մենք և՛ ցուցանիշների վրա ենք աշխատում, որպեսզի ավելի շոշափելի լինի պացիենտի հետ աշխատանքը, մեզ համար վերահսկողությունը, և՛ դրա տակ մենք ավելացրել ենք գումար, որպեսզի բուժաշխատողը տեսնի, որ իր աշխատանքը պատշաճ գնահատվել է։ Առաջնային օղակի բժշկի կողմից պետք է հսկվեն պացիենտի զանգից մինչև ախտորոշումն ու համապատասխան բուժում նշանակելու ողջ ընթացքը։ Այդ հսկողության ընթացքում ձևավորվելու է ցուցանիշ, և ցուցանիշը բազմապատկվելու է արդեն գումարով։ Ցուցանիշներն արդեն իսկ դրված են «Արմեդ» համակարգում»։