2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից երկու տարի անց խաղաղ չէ ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում, կան մարդկային ու տարածքային նոր կորուստներ։
Չնայած երկու տարի առաջ այս օրը, Ռուսաստանի միջնորդությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները և կանգ առնել զբաղեցրած դիրքերում, Ադրբեջանը անցած երկու տարում միայն Հայաստանից շուրջ 130 քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել։
Վերջին լայնածավալ հարձակումը երկու ամիս առաջ էր՝ սեպտեմբերի 13 -ին, երբ ադրբեջանական բանակը երեք ուղղություններով ներխուժեց Հայաստանի ինքիշխան տարածք՝ օկուպացնելով Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի մի շարք հատվածներ։
Ադրբեջանական զինուժն այսօր Ջերմուկից 4.5 կիլոմտեր հեռավորության վրա է՝ նախկին 11 կիլոմետրի փոխարեն։ Ջերմուկցիների պնդմամբ, ադրբեջանցի զինվորները շարունակում են մնալ քաղաքի մատույցներում և նկատելի են անգամ անզեն աչքով։
Ադրբեջանցիները 1-2 կիոլմետր առաջ են եկել նաև Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ, և, ըստ տեղի բնակիչների, գրավել են դիրքերի մեծ մասը։ Սահմանային այս գյուղն այսօր զրկված է խմելու ջրից ու անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից։ Երեխաներն ու կանայք գյուղից հեռացել են։
Զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ, ադրբեջանական զինուժը դիրքային առավելություններ է ձեռք բերել նաև Գեղարքունիքի մարզի Շորժաների ուղղությամբ։
Տարածքային կորուստներին զուգահեռ սեպտմեբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով միայն մեկ օրում շուրջ 210 հայ զինծառայող է զոհվել։
Ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքիշխան տարածքում իր առաջխաղացումը սկսել է դեռ 2021-ի մայիսից։
«2021 թվականի մայիսի12-ի և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ։ Մեր դիրքորոշումը միանշանակ է՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից», - ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդ որում, անցած երկու տարվա ընթացքում Ադրբեջանը օկուպացրել է ոչ միայն ինքիշխան Հայաստանի տարածքները, այլև այս տարվա մարտին, ռուս խաղաղապահների ներկայությամբ, ներխուժել է Արցախի Փառուխ գյուղ՝ գրավելով կարևոր նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված հրադադարը խախտելուց բացի Ադրբեջանը դեռ չի կատարել նաև նույն հայտարարությամբ սահմանված՝ ռազմագերիներին վարադարձնելու պահանջը։ Ադրբեջանը հաստատել է, որ 44-օրյա պատերազմից հետո 33 հայ մնում է Բաքվի բանտերում, նրանց, սակայն, Բաքուն ռազմագերի չի համարում և հրաժարվում է վերադարձնել։
Շարունակությունը՝
azatutyun.am-ում։