ԱԺ «դասերից» փախած «Հայաստան» խմբակցության ղեկավարը նոյեմբերի 9-ի օրով որոշել է խոսել «դասեր չքաղելուց»․ Օնիկ Գասպարյանը պատասխանել է Սեյրան Օհանյանին
44-օրյա պատերազմից առաջ ընդդիմությունը ջանք ու եռանդ չէր խնայում Ապրիլյան քառօրյա պատերազմի մեղքից մաքրվելու համար, 44-օրյա պատերազմից հետո էլ նույն ջանասիրությամբ փորձում է մաքրվել պարտությունից ու իր վրայից գցել պատերազմում  պատասխանատվության իր բաժինը։ Այսօր՝ նոյեմբեի 9-ի հայտարարության ստորագրման երկրորդ տարվա օրը, մի խումբ ընդդիմադիրներ որոշել էին  «բաց դաս» կազմակերպել և երևանյան հյուրանոցներից մեկի տաքուկ ու հարմարավետ դահլիճում նստած խոսել  դասեր  քաղել-չքաղելուց։ Մասնավորապես,  ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էր որոշել արտահայտվել այս թեմայով՝ դասեր քաղելուց,  պաշտոնյա, որի ղեկավարած խմբակցությունն ու գործընկեր մյուս  խմբակցությունը՝ «Պատիվ ունեմ»-ը, արդեն կես տարուց ավելի է՝ քաղաքական դասալքության են դիմել՝ փախչելով ԱԺ-ի «դասերից»՝ նիստերից։  

Արդ, ի՞նչ դասերի մասին է խոսում Ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտպանական գերատեսչությունը ղեկավարած, ապա ամիսներ անց պաշտոնից հեռացած կամ հեռացված Սեյրան Օհանյանը, որի «դասախոսությունն», ի դեպ, տեղ-տեղ անհոդաբաշխ, եթե չասենք՝ անկապ էր, մասնավորապես այն հատվածներում, որտեղ ստաժավոր ռազմական գործիչը փորձում էր հիմնավորել 44-օրյա պատերազմում մեր պարտության պատճառները։ «Ցավոք սրտի, 2018-ից սկսած՝ այսօրվա իշխանությունների կառավարման ժամանակահատվածում լուրջ ուշադրություն չի դարձվել ստեղծված ռազմական, ռազմաքաղաքական իրավիճակին համահունչ գնահատականները (մեջբերել ենք բառացի-խմբ.)։ 2018-ից հետո խարխլվել է մի ամբողջ բանակցային ներուժ, բանակցային գործընթաց և երկիր է  ներքաշվել  պատերազմի մեջ։ Առավել ևս այդպես է եղել 44-օրյա պատերազմի ընթացքում, որտեղ ՀՀ-ն մի քանի անգամ փորձարկել և զորավարժությունների արդյունքում ձեռք է բերել ինչ-որ հաջողություններ՝ երկիրը խաղաղ պայմաններից պատերազմական ժամանակահատվածի տեղափոխման, և յուրաքանչյուր գերատեսչության գործողությունները պաշտպանական քաղաքականության մեջ։  Ըստ էության, երկիրը չի փոխանցվել ռազմական ռելսերի, և դա է պատճառը, որ ռազմական թատերաբեմում ուժերի դասավորվածությունների, գործողությունների ոչ ճիշտ գնահատականն է բերել պարտության։ Այսօրվա իշխանությունները ոչինչ չեն արել հաջողության հասնելու համար։ Ոտքի վրա որոշումները մեծ հարված են եղել մեր պետական և ռազմական կառավարման գործունեության մեջ» (մեջբերումը դարձյալ բառացի է)։ Այդ ի՞նչ առեղծվածային «զորավարժությունների», ինչ «ռազմական ռելսերի» մասին է խոսում այդ օրերին շարքային  քաղաքացի Օհանյանը, երբ պատերազմի հենց առաջին օրը հայտարարվել է ռազմական դրություն, և երկիրը դե յուրե և դե ֆակտո դրվել է, իր ասած, «ռազմական ռելսերի վրա», հայկական զինուժն էլ վարել է  ռազմական գործողություններ։ Ինչ վերաբերում է «բանակցային ներուժի ջախջախմանը», ապա նկատենք, որ պարոն Օհանյանին «սխալ են զեկուցել», հետևապես հարկ է, որ  վերջինս բառերը ճիշտ հաջորդականությամբ շարադրի՝ 2018-ից հետո  տեղի է ունեցել  ոչ թե «բանակցային ներուժի խարխլում», այլ 2018-ին իշխանությունը ստանձնած ուժին փոխանցվել է խարխլված բանակցային ներուժ։ Տարբերությունն ահռելի է։ 

 Հիմա գանք  ռազմաքաղաքական իրավիճակին  գնահատական տալուն. Օհանյանին պատասխանելու համար ստիպված ենք օգնության կանչել մեկ այլ ռազմական գործչի՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, որը 44-օրյա պատերազմից հետո հրապարակած  իր հայտարարության մեջ «ավանսով» պատասխանել է իր կոլեգայի այսօրվա դիտարկումներին։  «Ես Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց նաև՝ Անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները:

Ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես նշել եմ, որ. 
  1. Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:  
  2. Տրված առաջարկը Անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվեց, սակայն հարցադրում արվեց՝ «Իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ի՞նչ պետք է անենք»: Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից: Նշել եմ, որ երկարատև պատերազմից պետք է խուսափենք՝ հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը: Քննարկվել և հավանության են արժանացել բազմաթիվ առաջարկներ, որոնց իրագործումը պետք է զգալիորեն բարձրացներ մեր մարտական ներուժը. դա վերաբերում էր և՛ սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, և՛  մարտական գործողությունների համակողմանի ապահովմանը: 
  3. Այդ ժամանակ բարձրացվեց նաև 100 հազար կազմ ունեցող աշխարհազորային միավորումների կազմավորման հարցը», - նշել էր ԳՇ պետը՝ հավելելով.  «Ինչևէ, պատերազմից մենք չկարողացանք խուսափել, և սեպտեմբերի 27-ին թշնամին բազմակի անգամ գերազանցող ուժերով անցավ լայնածավալ հարձակման՝ Արցախի ողջ ճակատով: Պաշտպանության բանակը հաջողությամբ հետ էր մղում նրա բոլոր գրոհները՝ հասցնելով մեծ կորուստներ, ոչնչացնելով մեծաքանակ կենդանի ուժ և զինտեխնիկա: Ցավոք, նաև մեր զորքերն էին կրում ծանր կորուստներ»:   
Սեյրան Օհանյանը «դասեր չքաղելու» մասին իր մոնոլոգն այսքանով չի եզրափակել, այլ ևս մի  քանի ուշագրավ միտք է հայտնել՝ տեղ-տեղ նորից անհոդաբաշխ։ Մասնավորապես. «Նոյեմբերի 9-ի հայտարարությունից  հետո ՀՀ իշխանությունները  դասեր չքաղեցին։ Ըստ էության պատերազմից հետո պետք է անցկացվեր լուրջ անվտանգության միջավայրի գնահատական, նոր ձևավորված աշխարհագրական դասավորվածության շրջանակներում մարտահրավերների գնահատականներ և դրա արդյունքում որոշումների ընդունում, որն էլ պետք է որոշեր այն գերակայությունները, որոնք անհրաժեշտ են ՀՀ-ում։ Իսկ գերակայությունները դա ազգային և միջազգային երաշխիքների ձևավորումն է՝ անվտանգության հիմնարար երաշխիքի՝ խաղաղության համար։ ...Ցավոք սրտի, ԱԺ-ում աշխատելու ժամանակ էլ մենք այդ ամենը չտեսանք, ահա սա է մեզ ստիպում, որ ԱԺ-ի գործունեությանը  զուգահեռ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով մեր քննարկումները իրականացնենք։ Բոլոր այն նախաձեռնությունները, որոնք իրականացվել են մեր երկու խմբակցությունների կողմից՝ անվտանգությանը, արտաքին հարաբերություններին, հատկապես Արցախին, ընդ որում ասեմ, որ մինչև հիմա էլ  ԱԺ ղեկավարությունը համարձակություն չգտավ, որպեսզի երկու խորհրդարանների միջև համատեղ նիստ անցկացնի, և քննարկեն այն խնդիրները, ողբերգական իրավիճակը, որն այսօր դոփել է մեր և Արցախի դռները»։  

Զարմանալի է, եթե չասենք՝ զավեշտալի, երբ Սեյրան Օհանյանը գործածում է  «ԱԺ-ի  գործունեությանը զուգահեռ» կապակցությունն այն դեպքում, երբ արդեն 6 ամսից ավելի է՝  կես տարի, խորհրդարանական ընդդիմությունը դադարեցրել է իր  գործունեությունն ԱԺ-ում, պատկերավոր ասած՝ փախել է ԱԺ-ի «դասերից», և միակ գործունեությունը, որը ծավալել է, եղել է փողոցում ակցիաներ անելն ու «լաոյին» զարթնեցնելը։ Պարոն Օհանյանին հիշեցնենք, որ երբ ամիսներ առաջ ԱԺ-ում քննարկվում էր պաշտպանության ոլորտի բարեփոխումներին  վերաբերող նախագծերի փաթեթը, պարոն Օհանյանն ու նրա կոլեգաները  երևի զբաղված էին պարզելով, թե արտասահմանյան ո՞ր երկրի արևի տակ արժե  արևայրուք ընդունել։ Ի դեպ, ԱԺ-ում նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հատուկ անդրադարձավ ընդդիմությանը՝ նշելով, թե շատ շահագրգիռ կլիներ, եթե քննարկմանը մասնակցեին նաև օրենսդիր իշխանության մաս կազմող ուժերը։  «Այդ ուժերի ներկայացուցիչներից շատերն ունեն զինվորական ծառայության փորձ, գիտելիքներ, և ես այն մարդը չեմ, որ այդ գիտելիքները և օբյեկտիվ առաջարկները կարող է մերժեի։ Բնականաբար չէի մերժելու, բայց չեն հնչել այդպիսիք, պատատակերին և թաքուն քննադատությունները ես չեմ ընդունելու նույնիսկ ի գիտություն։ Բարի լինեին, մեր գործընկերները գային այստեղ և քննարկումների, օրենքով իրենց վերապահված լիազորությունների և, այո՛, պարտավորությունների շրջանակում անեին առաջարկներ, որովհետև ՀՀ քաղաքացին տիկնանց և պարոններին ուղարկել է այստեղ՝ ծառայելու ի շահ  Հայաստանի Հանրապետության, ոչ թե ի շահ իրենց քաղաքական օրակարգի, որը ոչ թե ՀՀ բարօրությունն է, այլ օր առաջ ձախողման հասցնելը»։

Հեղինե Մանուկյան